«Ես տեսել եմ Հատուկ Քննչական ծառայության ներկայացրած տեղեկատվությունը, բայց, այնուհանդերձ, ինձ մոտ շարունակում են հարցեր մնալ, թե ինչ պաշտոնեական կեղծիքի մասին է խոսքը». «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործով որպես կասկածյալ ներգրավվելու հիմքերին:

Պատգամավորին ՀՔԾ-ի ներկայացրած հիմքերը չեն բավարարել, բայց նա չի ուզում ձերբակալության հիմքում քաղաքական ճնշումներ տեսնել, և իրավական հարթության վրա գտնվող հարցերը քաղաքական տեսանկյունից մեկնաբանել: «Ես կարծում եմ, որ Ազգային ժողովը միայն մի դեպքում կարող է այս խնդրին անդրադառնալ, որովհետև մենք իրավունք չունենք իրավապահ համակարգի գործառույթներին ուղղակի միջամտել և ինձ համար հասկանալի չեն նաև «Իմ քայլի» այն հայտարարությունները, որ Հրայր Թովմասյանի հարցը այլևս քաղաքական հարց է: Այն պահին, երբ մենք կընդունենք, որ իրավական համակարգի հարցը քաղաքական հարց է և կփորձենք դրան գտնել քաղաքական լուծումներ, այդ պահից հստակ կարող ենք ասել, որ իրավական համակարգը քաղաքական անմիջական պրեսսինգի տակ է»:

Զոհրաբյանը հույս հայտնեց, որ իշխանությունը քաղաքական գործիքներով չի փորձի լուծել իրավական հարթության վրա գտնվող հարցերը, այդ թվում Հրայր Թովմասյանի, Արա Բաբլոյանի շուրջ զարգացող գործերը. «Ասածներս ամենևին պաշտպանություն չեն թվարկածս անձերի նկատմամբ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: