ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման գործընթացում օրենքին, օրինականությանը համապատասխանության մասով խնդիր չի տեսնում, խնդիրը զգայուն թեմայով գործընթացի' հանրությունից գաղտնիությունն է: Խորհրդարանական ճեպազրույցում նման տեսակետ հայտնեցին խմբակցության պատգամավորները:
«Իրավական և օրենքով սահմանված կարգով ամեն ինչը տեղի է ունեցել օրինականության սահմաններում, վարչապետը դրան հղումներ արեց: Մենք ընդամենը խոսում ենք հասարակության համար դրա ոչ հասանելի լինելու մասին: Կարծում եմ, որ հեղափոխությունից հետո հասարակությունը վաստակել է իրավունքը' տեղեկանալու նման կարևոր որոշումների մասին: Սա ոչ ռազմական, ոչ անվտանգության հետ կապված խնդիր չէր, որ տեղի էր ունեցել հանրությունից գաղտնի»,-ասաց Իվետա Տոնոյանը:
Նրա կարծիքով' եթե մամուլում աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ հրապարակում չլիներ, ապա այդ գործընթացն այդպես էլ գաղտնի կմնար: Տոնոյանը նկատեց' միայն այդ հրապարակումից հետո նախարարները նշեցին, որ ամիսների շարունակ ստանում են 1.5 մլն դրամ:
Նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը շեշտեց' բազմիցս ասվել է, որ բյուջետային աշխատողների աշխատավարձերը բավարար չեն: «Սակայն փիլիսոփայությունը հետևյալն է' եթե շատ նուրբ թեմա է, երբ ընթանում է գործընթաց, ապա պետք է լինի բացառապես բաց»,-եզրափակեց Աբովյանը:
Լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տեղեկություն, որ վարչապետը գաղտնի հանձնարարականով բարձրացրել է նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերը: Այս թեմային խորհրդարանում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել էր, որ գործընթացն իրականում գաղտնի չի եղել, Ազգային ժողովում 2019-ի բյուջետային քննարկումների ժամանակ այդ հարցը հրապարակայնորեն ներկայացել է, իրենք ներկայացրել են, որ պարգևատրումային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանում են պարգևատրումների ֆոնդ: Բացի այդ վարչապետը նշել էր, որ այդ որոշման արդյունքում ոմանց աշխատավարձերը բարձրացել են, ոմանցը' իջել: