Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ «Gulf News» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչպիսի՞ն է արտագաղթի կանխարգելմանն ուղղված նոր տնտեսական քաղաքականությունը:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանումների թիվը գերազանցել է մեկնումներինը. «2018 թվականին ունեցանք 15,313 դրական հաշվեկշիռ: Արտագաղթը նվազել է՝ համապատասխան ցուցանիշն այս տարի բարելավվել է 32 անգամ 2015 թվականի համեմատ: Մինչդեռ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում մենք ունենք մինուս 2.334 հաշվեկշիռ: Մեր նպատակն է կանխել արտագաղթը և խթանել ներգաղթը»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ անցյալի փորձը ցույց է տալիս, որ ներգաղթն աճում է, երբ երկրում տնտեսությունը զարգանում է, և ստեղծվում են նոր աշխատատեղեր: «Խորհրդային ժամանակաշրջանում այդպես էր: Համոզված եմ, որ մեր կառավարության քաղաքականությունը և տնտեսական հեղափոխությունը կխթանեն ներգաղթը: Մեր խնդիրն է՝ ապահովել քաղաքացիների աշխատելու և ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմաններ, և մենք վճռական ենք այդ գործում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: