Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մի խիստ ուշագրավ խոսակցություն տեղի ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ՝ զինծառայողների ապահովագրության 1000-ական դրամների հետ կապված։ Տիգրան Ուրիխանյանը շատ վճռական տոնով ասաց, որ ունի մի փաստաթուղթ, որով օգնելու է Փաշինյանին՝ բացահայտել մի շատ վատ բան։ Խոսքը նոր Հայաստանում բացահայտված՝ ստվերից հանված մոտ 60 հազար նոր աշխատատեղերից հիմնադրամի հաշվին 1000-ական դրամների փոխանցման, ավելի ճիշտ՝ չփոխանցման մասին է։ Այսինքն՝ ամսական 60 միլիոն դրամ, Ուրիխանյանի հաղորդմամբ, 1․5 տարի է՝ չի փոխանցվել հիմնադրամին։

Տիգրան Ուրիխանյանը, հիշեցնենք, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ «Չկա ոչ միայն Ձեզ ներկայացված այն 300-ից ավելի միլիոն դրամը, որի մասին ասացիք անցած անգամ, առավել եւս չկա 600 միլիոն դրամը։ Եկեք բացահայտենք էս խնդիրը եւ պատժենք մեղավորներին»,- ԱԺ-ում հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը։

Հարցից մռայլված վարչապետն ամբիոնից մեջբերեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տրամադրած մեկ այլ տեղեկանք, ըստ որի՝ այդ գումարները կան, մասնավորապես՝ 2019-ի 9 ամիսներին հիմնադրամին ավել է փոխանցվել նույն ժամանակահատվածի համեմատ 648․8 միլիոն դրամ։ Ուրիիխանյանը չհամաձայնեց, ասաց, որ իր ձեռքում պաշտոնական փաստաթուղթ է, ինչին Փաշինյանը բառացի հակադարձեց, որ իրենն ավելի պաշտոնական է, եւ սկսեց խոսել ինչ-որ սխեմաների մասին, որ հնարավոր է՝ այս ամիս լինի, մյուս ամիս չլինի, որովհետեւ սկզբում մտնում է ՊԵԿ եւ այլն։ Կարելի էր պատկերացնել, թե ինչ կաներ նույն Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում, եթե նման պատասխան ստանար որեւէ պաշտոնյայից։

 

Մենք հարցում ուղարկեցինք 1000 դրամների հիմնադրամ՝ պաշտոնապես տեղեկանալու, թե ով է, ի վերջո, ճիշտ ասում։ Մինչ այդ զրուցեցինք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2 անդամի հետ՝ Մարգարիտա Խաչատրյանի՝ Մառոզի, եւ մեկ այլ անդամի, ով ցանկացավ խոսել անանուն եւ պատմեց, որ այդ հարցով հիմնադրամում մեծ վեճ է եղել հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանի ու նախարար Դավիթ Տոնոյանի միջեւ (հաջորդ փուլում՝ նաեւ Մանուկյանի, Տիգրան Ուրիխանյանի եւ Մառոզի ու Տոնոյանի միջեւ), ինչի արդյունքում հոգաբարձուների նիստն ընդհատվել է, քանի որ տնօրենի հաշվետվությունից պարզվել է, որ 2019-ին ավել մուտք է եղել 24 միլիոն, այլ ոչ թե 347 միլիոն դրամ, ինչպես հայտարարել էր Փաշինյանը։ Մեսրոպ Մանուկյանն առաջարկել է դիմել դատախազություն՝ հիմք ընդունելով, որ վարչապետը ճիշտ է ասում, ու ՊԵԿ-ն այդ փողը գողացել է, սակայն Տոնոյանը խնդրել է չդիմել, առաջարկել է, որ մինչ այդ ՊԵԿ-ը պարզաբանումներ ներկայացնի։ «Որովհետեւ, եթե գործը գնում էր դատախազություն, պարզվելու էր, որ Նիկոլի ասած թվերը սուտ են, որովհետեւ ոչ մեկին չեն կարա դատեն՝ պաշտոնապես տենց թվեր չեն տվել»։

Մեր զրուցակիցը նշեց, որ Փաշինյանը ստում է՝ նաեւ ասելով, որ վերջին 1,5 տարում փոխհատուցումներում «9 տարի հետ ենք գնացել»։ Նա  նկատեց․ «Էդ նախորդ տարիների հավաքած փողն էր»։ Իսկ ի՞նչ իմաստ ունի այս հարցում ստելը։ «Որովհետեւ սա քանդում է իր մեկ այլ բլեֆ՝ որ իր իշխանության ընթացքում ստվերից հանվել է 60 հազար աշխատատեղ»։
Մենք զրուցեցինք նաեւ Մարգարիտա Խաչատրյանի հետ, ով հաստատեց, որ հոգաբարձուների խորհրդում հաշվարկել են  հիմնադրամ մտած գումարները, եւ հաշվետվության պատկերը չի բավարարել՝ իրականությանը չի համապատասխանել։ Սակայն տիկին Մարգարիտան ասաց, որ դրանից հետո պաշտպանության նախարարն ասել է, որ իրեն տեղեկանք կտրամադրի այդ գումարների վերաբերյալ։ Բայց Տոնոյանից որեւէ գրություն Մարգարիտա Խաչատրյանը չի ստացել։ Նա մասամբ  հաստատեց մեր մյուս զրուցակցի ասածը, որ կռիվ է եղել հիմնադրամի նիստում։ Միայն ասաց, որ կռիվ չի եղել, այլ՝ վեճ, Տոնոյանն էլ հորդորել է՝ դատախազության կարիք չկա, ես Ձեզ կտամ տեղեկանքը, որտեղ մանրամասն գրված կլինի գումարների մասին։

 

Hraparak.am-ը զրուցեց նաեւ Տիգրան Ուրիխանյանի հետ։

 

- Դուք պնդո՞ւմ եք, որ կան պաշտոնական փաստաթղթեր, ըստ  որոնց՝ այդ 60 հազար աշխատատեղերից բխող 1000-ական դրամները չկան, թեեւ վարչապետը պնդում է, որ կան։

- Ոչ թե պնդում եմ, այլ ցույց եմ տալիս ապացույցը եւ երեկ ես այն ցույց տվեցի։ Հանրամատչելի կերպով վարչապետի եւ մյուսների համար ընթերցեցի։ Բացեցի հոգաբարձուների խորհրդի ֆինանսական հաշվետվությունը, որի մեջ, համենայնդեպս, այն էջում, որը ես ցույց էի տալիս, պատկերում էր վերջին 8 ամիսները, եւ ըստ դրա՝ ոչ մի կոպեկ գումար չի ավելացել։ Ոչ միայն այն 300-ից ավելի միլիոնը, որի մասին նախանցյալ քառօրյային վարչապետն ասաց, որ իբրեւ թե մուտքագրվել է, այլ այդ նոր աշխատատեղերը։ Իրենք ասում են՝ 63 հազար, ուրեմն 63 միլիոն ամեն ամիս պիտի գար, ոչ մի կոպեկ չը-կա։ Եվ ես հասկանում եմ, որ վարչապետը երեկ ընդունեց, որ, այո, դա չկա։ Որովհետեւ ինքն ընդամենը կարդաց պաշտպանության նախարարի տված տեղեկանքը եւ ասաց․ «Ես հասկանում եմ, որ խնդիրներ կան, եւ, հետեւաբար, առաջարկում եմ աշխատանքային կարգով պարզաբանել»։

- Բայց չէր համաձայնում, երբ ասացիք, որ պաշտոնական փաստաթուղթ է, ծիծաղելով ասաց՝ «իմն ավելի պաշտոնական է»։

 

- Ասաց՝ իմն ավելի պետական է, բայց ես չգիտեմ՝ դա ինչ է նշանակում։

- Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում՝ վարչապետին խաբե՞լ են, Տոնոյանը սխա՞լ տեղեկանք է տվել, ստո՞ւմ են։

- Դա արդեն վարչապետի, Տոնոյանի, կառավարության եւ մյուսների խնդիրն է։ Ես բարձրացնում եմ հարց։ Որ եթե այդքան աշխատատեղեր բացահայտվել են, ուրեմն ամեն ամիս յուրաքանչյուր աշխատատեղի համար պետք է լինի այսքան գումար։ Եթե այս 64 միլիոնը բազմապատկեք 18 ամիսներով, ես ասում եմ՝ որտե՞ղ է այդ գումարը։ Խոսքը մոտ 800 միլիոնի մասին է, եթե այդ աշխատատեղերը կան։ Հիմա վարչապետն ասում է՝ կան։  Երկրորդ․ եթե, ինչպես սկզբում վարչապետն ասաց, որ այդ գումարները տարբեր ցիկլերով են փոխանցվում, չնայած չեմ պատկերացնում մի ցիկլ, որով այդ գումարը 18 ամիս չի փոխանցվում, բայց եթե անգամ այդպես է, առավել եւս պետք է հարուցել քրեական գործ եւ պարզել, թե ինչու այդ գումարները չեն փոխանցվել, որպեսզի հիմնադրամը, իր կանոնադրության համաձայն, կարողանա իր եկամտային հոդվածներից մեկով այդ գումարների սպասարկման, այսինքն՝ բանկային տոկոսի ձեւով ստանալ՝ իմ հաշվարկով, մոտ 90 միլիոնի չափով եկամուտ եւ կրկին հատուցել զոհված զինծառայողների ընտանիքներին։