«Սիրիայում ապրող մարդիկ չեն ուզում լքել իրենց բնակավայրերը, որոշ դեպքերում հեռանում են, բայց խաղաղության դեպքում՝ նորից վերադառնում: Խոսքը միլիոնի հասնող բնակչության մասին է՝ ինչպե՞ս լքեն իրենց տները»։ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ԱԺ պատգամավոր, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը։

Պատգամավորը տեղյակ է նաև, որ այս օրերին մի քանի հայ ընտանիք է վերադարձել Հայաստան. «Մի քանի օր առաջ նրանց հանդիպեցի: Նրանք ընտանիքներով Աբովյան քաղաքում էին՝ իրենց ազգականների տանը, սակայն իրենց ամբողջ ունեցվածքը, աշխատանքը Սիրիայում է: Զրույցի ընթացքում ասացին, որ Հայաստանում ժամանակավոր են, քանի որ նորից ուզում են Սիրիա գնալ»,- ընդգծեց պատգամավորը:

Հասանովի խոսքվ՝ քրդական համայնքն այստեղ այնքան էլ հանգիստ չէ, նրանք թեև չեն կարողանում աշխարհաքաղաքական լուրջ դերակատարում ունենալ, բայց փորձում են իրենց աջակցությունը հայտնել ազգակիցներին։

 

«Քրդերը երեկ Հայաստանում երթ էին կազմակերպել՝ քննադատելով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները: Նրանք դժգոհում են, որ նման քաղաքականության պատճառով մարդիկ ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրերը, ինչը չեն ուզում»,- ասաց Հասանովը։

Պատգամավորի հավաստմամբ՝ երթի մասնակիցները ուսանողներ են եղել՝ Իրաքից ու Սիրիայից. «Նրանք գնացել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ՝ դատապարտելով թուրքական իշխանության զավթողական քաղաքականությունը Սիրիայում: Ուսանողների ցանկությունն է, որ միջազգային հանրությունն ու գերտերությունները սաստեն Թուրքիային»,- նշեց նա:

Հասանովը հույս հայտնեց, որ իրենց համայնքի սիմվոլիկ այս քայլը փոքրիկ արձագանք կգտնի. «Մեր ցանկությունն է, որ Սիրիայում խաղաղություն լինի, մարդիկ ապրեն իրենց տներում, ոչ թե վրաններում կամ դաշտերում»,- ընդգծեց պատգամավորը: