Համացանցում են հայտնվել Ողջի գետի լուսանկարները, որտեղ երևում է, որ գետը կրկին աղտոտվել է։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Ռուբեն Մկրտչյանն ասաց, որ ստուգումներ են անցկացրել և պարզել են, որ վթար չի եղել, իսկ հոսող կեղտաջրերը գետ են լցվել դեռևս հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պոչատարում տեղի ունեցած վթարի հետևանքով՝ ՀԷԿ-երի թունելներում մնացուկների մաքրումից։

«Մեզ մոտ էլ էր կասկածանք առաջացել, որ հնարավոր է վթարի հետևանք լինի, բայց թե´ ցերեկը, թե´ գիշերը ստուգել ենք, վթար չկա։ Հոկտեմբերի 17-ի վթարից հետո ՀԷԿ-երի թունելներն աղտոտվել էին, կեղտաջրերի մնացորդները կպել էին թունելին և հիմա մաքրման աշխատանքներ են իրականացնում։ Մենք նմուշներ ենք վերցրել, փորձաքննությունը ցույց կտա, թե ինչ է։ Եթե ինչ-որ բան լինի, իրենք պատասխան են տալու դրա համար։ Իրենք ուզել էին թույլատվություն վերցնեին մաքրելու համար»,- նշեց նա։ 

Նշանակում է՝ առանց պետական լիազոր մարմինների թույլտվությա՞ն, գիշերով փորձել են մաքրման աշխատանքներ իրականացնել՝ հարցին ի պատասխան՝ Մկրտչյանն ասաց․ «Իրենք թույլտվություն ուզում էին, բայց դեռ չէին ստացել»։ 

 

Նշենք, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները, նկատելով գետում աղտոտված ջրերի հոսքը, փորձել են պարզել աղբյուրը։ Բնակիչները գնացել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պոչատարում դեռ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի վայր, սակայն այստեղ ամեն ինչ նորմալ է եղել։ Նրանք պարզվել են, որ ջրի պղտոր հոսքը Ողջի գետն է թափվում այդ հատվածում գործող Ջրախորի ՀԷԿ-ի թունելից։ ՀԷԿ-ը որոշել էր ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի հետևանքով պոչանքով լցված իր թունելը մաքրել, որն էլ Ողջի գետի հերթական պղտորվելու պատճառ է հանդիսացել։

Սոնա Հարությունյան