«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի վնասման պատճառով արտանետումներից Ողջի գետին հասցված վնասի չափը հաշվարկում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Եթե պատճառված վնասը գերազանցի որոշակի չափաքանակը, ապա չի բացառվում, որ վնաս հասցնողը ենթարկվի քրեական պատասխանատվության, չգերազանցելու դեպքում` վարչական պատասխանատվության: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նա նախ շեշտեց` Հայաստանում բնապահպանական իրավախախտումների մասով ամբողջ վարչարարությունն իրականացնում է Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը: «Տեսչական մարմինը նմուշառումն իրականացրել է, անալիզները վերցրել է: Որոշակի մետաղների` ալյումինի, երկաթի կոնցենտրացիաները գերազանցում են թույլատրելի չափաքանակները: Մի քանի հետազոտություն կա, որի համար պահանջվում է 3-4 աշխատանքային օր, ենթադրում եմ, որ դեռ չեն ավարտել: Եթե էական վնասը գերազանցում է  որոշակի չափաքանակը, ապա աղտոտողների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, իսկ եթե ոչ` ապա վարչական պատասխանատվություն, այսինքն՝ որոշակի գումար են վճարելու»,-ասաց նախարարը:

Վնասի չափի վերջնական հաշվարկը պետք է իրականացնի տեսչական մարմինը, սակայն նախարարն իրեն արդեն ծանոթ տվյալներից ենթադրում է, որ վնասը գերազանցում է այդ չափը, և չի բացառվում քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: «Եթե վնասը գերազանցի այդ սահմանը, ապա այն ուղղակի կփոխանցվի դատախազությանը, և դատախազությունն արդեն քրեական գործի շրջանակում իր գործունեությունը կիրականացնի»,-ասաց Գրիգորյանը:

 

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Գետը որոշակի աղտոտված է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը խողովակաշարի վնասված հատվածը վերականգնվել էր: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային կառույցի աշխատակիցները գետից նմուշառումներ էին վերցրել: Հոկտեմբերի 27-ին Հայկական բնապահպանական ճակատը տեղեկացրել էր, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում։ Ճակատից հայտնել էին, որ բայց պարզվել է, որ ջրի պղտոր հոսքը Ողջի գետն էր թափվում այդ հատվածում գործող փոքր ՀԷԿ-ի թունելից: