ՀՀ նախագահի աշխատակազմի համար 2020թ. պետական բյուջեի նախագծով հատկացվել է 1 մլրդ 576 մլն դրամ, ինչը 430 մլն դրամով ավելի է 2019թ. համեմատ: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը նշեց, որ հատկացվելիք ֆինանսական միջոցների զգալի մասն ուղղվելու են աշխատավարձերի տրամադրմանը, վարչական շենքի պահպանմանը և այլ գործառույթների իրականացմանը:
«Նշված գումարի 90%-ն ուղղվելու է աշխատավարձերին, վարչական շենքի պահպանմանը, ներկայացուցչական բնույթի միջոցառումներին, գործուղմանն ուղղված ծախսերին»,- ասաց Տարասյանը:
Նա նշեց, որ նախատեսվում է կրճատել նաև նախագահի աշխատակազմին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների թիվը' 22-ից դրանք հասցնելով 15-ի: