«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի տնտեսական աճի նոր գնահատումներին, ներկայացրել իր ու իր թիմի կարծիքը՝ հետհեղափոխական տնտեսական զարգացման ու դրան խոչընդոտող հանգամանքների մասին՝ առաջարկելով խնդիրների լուծման իր տեսլականը:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի՝ նախորդ տարվա մայիսի համեմատությամբ Հայաստանում գոյացել է 65 հազար 37 նոր աշխատատեղ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նկատի ունի վարչապետը գոյանալ ասելով: Ինչպե՞ս եք վերաբերում այս վիճակագրությանը:
-Ես էլ ձեզ նման տեսնում եմ այն վիճակագրությունները, որոնք հրապարակում է վարչապետը: Ես ինքս տնտեսագետ չեմ, բայց մեր տնտեսական թիմի շատ անդամներ վիճարկում են այդ թվերը, և հասկանալի չէ՝ այդ թվերը որտեղից են վերցվում, որ հետո վիճարկման առարկա են դառնում: Վարչապետի՝ նոր աշխատատեղեր գոյանալու հայտարարությունը հերքող փաստեր դեռ չունեմ: Եթե դա ճշմարտություն է, շատ լավ է, պետք է բոլորս ուրախանանք: Ինչ վերաբերում է գոյանալ բառին, երկու տարբերակ կա աշխատատեղ գոյացնելու, առաջինը, որ ստեղծվել են նոր աշխատատեղեր, երկրորդը, որ ստվերից դուրս են բերվել արդեն իսկ եղած աշխատողներին: Երկրորդի պարագայում աշխատատեղերն իրականության մեջ եղել են, բայց քանի որ ստվերված են եղել, պետությունն իրենց չի տեսել: Ստվերից դուրս բերված աշխատատեղերի համար գործատուն մի քիչ ավել գումար է վճարում պետությանը:
-Վարչապետը 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուրախությամբ հայտարարեց տնտեսական ակտիվության և 7.1 տոկոսի մասին: Արդյոք այս ցուցանիշը բավարար է տնտեսական հեղափոխությունն իրականացված համարելու համար: Եթե ոչ, ի՞նչն է խանգարում տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ ունենալուն:
-Բյուջեի նոր նախագիծը տնտեսական հեղափոխության նախագիծ չէ, միանշանակ: Իմ ընկալմամբ՝ Սերժ Սարգսյանի տնտեսական թիմը շարունակում է երկրում խորհուրդներ տալ գործադիր իշխանությանը և այդ թիմը թույլ չի տալիս, որ մեր կառավարությունը գնա հեղափոխական ճանապարհով: Մեր կառավարությունը, նախորդ կառավարությունների պես, վախեցած փորձում է պահել կայունությունը, որը տնտեսական աճ չի բերի այն ցուցանիշներով, որն ակնկալում են մեր քաղաքացիները կամ, որի ակնկալիքը կար հենց հեղափոխությունից հետո:
-Ձեր նկարագրած իրավիճակում լուծման ի՞նչ ճանապարհով պետք է գնա կառավարությունը: Ովքե՞ր են Սերժ Սարգսյանի տնտեսական բլոկի ներկայացուցիչները հեղափոխությունից հետո:
-Կառավարությունը պետք է ֆունդամենտալ ռեֆորմներ անի: Առաջինը պետք է ազատվի տնտեսական բլոկի մարդկանցից, քանի որ Կենտրոնական բանկի նախագահ Ջավադյան Արթուրը, Երիցյան Ներսեսը և էլի մարդիկ դերակատարում ունեն Հայաստանի կառավարության տնտեսական բլոկում, և իրենք են ասում՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ, մենք տնտեսական զարգացում չենք ունենա: Առաջինը բանկերի լոբբինգը միշտ կհաղթի բոլոր թեմաների մեջ, և երկրորդը՝ քաղաքացին միշտ կպարտվի բոլոր թեմաների մեջ: Իսկ տնտեսությունը չի առողջանա այդ մարդկանց խորհուրդներով: Այդ մարդիկ, որ լավ խորհրդատուներ լինեին, եթե լավ կառավարիչներ լինեին, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին տնտեսությունը լավը կլիներ: Այս ամենից պետք է հետևություններ անել: Պետք է ազատվել Սերժ Սարգսյանի երկրորդ էշելոնի կադրերից: Բնապահպանության նախարարը նույնպես այդ էշելոնի կադրերց է, նա ևս պետք է հրաժարական տա, գնա: Էս մարդիկ տնտեսության ու երկրի զարգացման համար խոչընդոտ են հանդիսանում:
Աիդա Կիրակոսյան