Վարչապետի այլընտրանքային թեկնածու Անի Զախարյանը կրկին կառավարության շենքի առաջ է: Այս անգամ, սակայն, ոչ թե ստորագրահավաք անցկացնելու, այլ կառավարությանն իր դիմումը ներկայացնելու համար:
«Այսօր ես Փաշինյանին և Էդուարդ Աղաջանյանին դիմում եմ ներկայացնում, որտեղ ես պահանջում եմ մեկ տարվա կտրվածքով Փաշինյանի և իր կառավարության անդամների բոլոր միջպետական ծախսերը դնել իմ սեղանին: Որպեսզի մենք հասկանանք այս մեկ տարվա ընթացքում մեր բյուջեն ինչպես է տնօրինվել»,-ասաց Զախարյանը:
Իր հայտարարություններում Զախարյանն այս անգամ հիշատակում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անունը:
«Արդեն մեկ ու կես տարի է՝ մենք սպասում ենք ընտրակեղծարար, տասնամյա անիրավական գործողություններ վարած Սերժ Սարգսյանի հանդեպ քրեաիրավական գնահատական տալուն: Իրեն հեղափոխական հռչակած այս իշխանությունը պարտավոր է քրեաիրավական պատասխան տալ նախորդ կեղծարարներին»,-ասաց Զախարյանը:
Այն հարցին, թե քանի ստորագրություն է հավաքվել, Զախարյանը պատասխանեց. «11 ստորագրություն արդեն ունեմ, որը սկզբի համար քիչ չէ: Մենք դեռ իրազեկման փուլում ենք, ինձ պիտի հրավիրեն հաղորդումների, որ ես հավուր պատշաճի ներկայանամ ու ներկայացնեմ իմ հեղափոխական ծրագիրը: Մենք լրջորեն պատրաստվում ենք լայնածավալ երթի, որը մեծ հնչեղություն կապահովի մեր հեղափոխական շարժմանը: Մենք վճռական ենք տրամադրված: Այցելելու ենք նաև մարզեր»: