Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում դանակահարված պայմանագրային զինծառայողը դեպքի ժամանակ զորամասում չի եղել: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ միջադեպը գրանցվել է ծառայությունից դուրս․ «Միջադեպը եղել է հանգստի ժամանակ, երբ երիտասարդը եղել է տանը»,- նշեց նա:
ՊՆ խոսնակը նշեց, որ պայմանագրային զինծառայողն այս պահին քաղաքացիական հիվանդանոցում է: Նախնական տեղեկություններով՝ առողջական վիճակը ծանր չէ:
Նշենք՝ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 3–ին, ժամը 21։30 Սևան ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ–ին ծնված մի երիտասարդ (խմբ․՝ դանակահարվածը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է)։ Հիվանդանոց մեկնած խումբը պարզել է, որ ժամը 21–ի սահմաններում Սևան քաղաքի Կոմիսարների փողոցում անձնական խնդիրներով ծագած վեճի ժամանակ նշված երիտասարդը ծեծի է ենթարկել մեկ այլ երիտասարդի, վերջինս էլ խոհանոցային դանակով հարվածել է նրան։
Դանակահարողը նոյեմբերի 4–ին ժամը 2–ին մեղայականով ներկայացել է ոստիկանության բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն։