Հոկտեմբերի 15-ին ֆիննական Տուրկույում տեղի ունցած Ֆինլանդիա-Հայաստան Եվրո-2020 ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով Տուրկու քաղաքի ոստիկանություն բերման ենթարկված ՖԱՖ շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանը դեռևս պահվում է այնտեղ և որևէ նորություն չկա նրանից։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց FAF երկրպագուական շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը։

Նա պատմեց, որ հանդիպման ընթացքում ֆին երկրպագուների կողմից պրովոկացիաներ են արվել, տոմսերի գներ են բարձրացվել, խոչընդոտվել է հայերի մասնակցությունը խաղին, որի արդյունքում հայ երկրպագուների նյարդերը տեղին են տվել․ «Միջադեպի ժամանակ թուրք երկրպագուները գլուխ կտրելու, կախաղան հանելու շարժումներ են ցույց տալիս, որից հետո բախում է առաջացել։ Երվանդը պայթուցիկներ է նետել՝ կրքերը հանդարտեցնելու համար։ Թուրք երկրպագուն՝ որպես տուժող կողմ, բողոք է ներկայացրել նրա դեմ՝ թեման քաղաքական դաշտ մտցնելով»,- ասաց նա։

Ֆիննական ոստիկանությունում խաղից հետո ժամանած հայ երկրպագուներին հավաստիացրել են, որ ամեն ինչ կպարզվի և հաջորդ օրը Երևանդը կուղևորվի հայրենիք, սակայն արդեն 3-րդ շաբաթն է՝ ինչ նա այնտեղ է։ «Մենք ինֆորմացիա չենք կարողանում ստանալ, անորոշ իրավիճակ է։ Նրան տրամադրված փաստաբանն անգամ անգլերեն չի խոսում, թարգմանիչ էլ չունի, ինչն առավելապես դժվարեցնում է Երվանդի հաղորդակցությունը այնտեղի իրավապահ մարմինների հետ»,- նշեց FAF երկրպագուական շարժման ղեկավարը։

Նա նշեց, որ դիմել են Հայաստանի պատկան մարմիններին և հույս ունեն, որ կզբաղվեն այդ հարցով և իրենք ինֆորմացիա կկարողանան ստանալ, թե ի՞նչ փուլում է գործը և երբ է լինելու դատական նիստը․ «Դիմել ենք Հայաստանի ԱԳՆ-ին, Մարդու իրավունքների պաշտպանին։ Քանի որ Ֆինլանդիայում չկա հյուպատոսություն, դիմել ենք նաև Շվեդիայի հայ հյուպատոսին»,- ասաց Ջանջոյանը։

Նշենք, որ Ֆինլանդիա-Հայաստան Եվրո-2020 ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու նպատակով Երևանից մեկնել է 100 երկրպագու, որոնցից մեկն էլ եղել է Երվանդ Իսմայիլյանը։