Որոշում է կայացվել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը աճուրդի հանել: Այս մասին ԼՈՒՐԵՐ. com-ի թղթակցին հայտնեց Պետական գույքի կառավարման նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը: Նրա խոսքով՝ գործընթացը վերջնական փուլում է:
«Փաստացի գույքի հանձնման-ընդունման աշխատանքները ավարտված են: Հիմա նվիրատվության փաստաթղթերն ենք ձևակերպում: Կարող եմ ասել, որ վերջնական աշխատանքներն ենք կատարում: Մեր աշխատանքներն ավարտելուն պես՝ պետք է լինի ՀՀ կառավարության համապատասխան որոշումը , որից հետո գույքը կներկայացվի աճուրդի»,- ընդգծեց նա:
Կոստանյանը նշեց, որ աճուրդի մեկնարկային գինը 7 միլիարդ 14 մլն դրամ է. «Սա գնահատված արժեքն է, որը հենց մեկնարկային գինն էլ լինելու է: Բայց, թե որքան կավելանա գինը, ես ասել չեմ կարող»:
Նա նաև ասաց, որ արդեն իսկ կան հետաքրքրվողներ, ովքեր ցանկանում են մասնակցել աճուրդին:
Հիշեցնենք, որ անցած տարի ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր է եղել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Նա ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը: