Արայիկ Հարությունյանը չի տիրապետում իրավիճակին։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Արայիկ Հարությունյանը փորձեց երիտասարդների ազնիվ ընդվզումը որակավորել այն դեպքում երբ ոլորտում իրականացնող հիմնական քաղաքականության շահառուն հենց երիտասարդությունն է և պարզ ու բնական է, որ երիտասարդությունը իր պոռթկումը, ընդվզումն արտահայտում է և սա կրթության պատասխանատուի կողմից որակել ամենատարբեր բնորոշումներով, ինչպես նաև կուսակցականացնել, նշանակում է մարդը չի տիրապետում իրավիճակին և չի հասկանում, թե որտեղ է գտնվում և ինչ գործառույթներ ունի։ Որպեսզի իմ հայտարարությունը չհնչի որպես հռետորական գնահատական, ուզում եմ ձեր համար կարդալ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենք»-ից մի կոնկրետ հատված, որպեսզի դուք իմանաք, որ այս մարդը չի գիտակցում իր պարտականությունները։

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործառույթն է՝ մշակել և իրականացնել, ժողովրդի լեզվի, հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդման, երիտասարդների հոգևոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության, իրավագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված կառավարության քաղաքականություն»»։

Արծվիկ Մինասյանը նշեց՝ այն ինչ անում է Արայիկ Հարությունյանը հակառակ է վերը նշվածին։

«Արայիկ Հարությունյանը գործում է հակաօրինական ընթացքով։ Երիտասարդների ընդվզումը փորձելով կուսակցականացնել, ըստ էության, Արայիկ Հարությունյանը շատ պարզ նպատակ է հետապնդում՝ թուլացնել պայքարը որտեղ ոչ թե կուսակցականությունն է, այլ ազգային գիտակցությունն է։ Արայիկ Հարությունյանը կանխամտածված օտարածին օրակարգի սպասարկում է իրականացնում՝ կտրել ազգային ինքնությունից մեր ժողովրդին, մեր երիտասարդությանը»,-ասաց Մինասյանը։

Մինասյանը նշեց, որ խելացի իշխանությունը այսպիսի ընդվզումները ընդունում է որպես կարևոր ազդակ։

«Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ այս իշխանությունը խելացի չէ»,-նշեց Մինասյանը։

Մինասյանն անդրադարձավ նաև Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ-ականների արկղերը լցնելու է քրեական գործերով։

«Ես հիմա հրապարակային հայտարարում եմ, որ Արայիկ Հարությունյանը քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության, թող հոդվածը ինքը որոշի, բայց առնվազն երկու հոդված այստեղ կա, մեկը սուտ մատնության հոդվածն է, մյուսն այն է, որ հանցագործություն է պարտակում։ Հակառակ դեպքում Արայիկ Հարությունյանի այս սպառնալիքները ունեն մեկ կարևոր նպատակ՝ քաղաքական շանտաժի միջոցով փորձել իբր իրավական մեղադրանքների տարափ տեղալ։ Այս ամենը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք անպատասխանատու մի անձնավորության հետ, որը, ցավոք, Հայաստանի իշխանության վարկաբեկման հեղինազրկման գործընթաց է նախաձեռնել»,-ասաց Մինասյանը։