Մենք ուզում ենք օգնել պետությանը՝ Հայաստանի երեխաների և մեծահասակների համար ստեղծելու բուժման այնպիսի՛ պայմաններ, այնպիսի՛ հոգեբանություն և մոտեցում, որ քաղցկեղն այլևս չընկալվի որպես դատավճիռ և ողբերգություն այն ընտանիքում, որի անդամներից որևէ մեկի մոտ հայտնաբերվել է: Այս մասին ելույթում հայտարերել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Այս մեկ տարվա ընթացքում մենք աջակցել ենք քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի՝ նրանց դեղորայքի, բժշկական զննումների, վիրահատությունների և բժշկական այլ ծառայությունների համար տրամադրելով 270 միլիոն դրամ։ Մեր ընկերների, մեր բարերարների, մեր որդեգրած ուղին գնահատողների շնորհիվ մենք շարունակելու ենք կանգնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների կողքին»,- ասաց Հակոբյանը։