Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել մի դեպք, որը կարող էր աղետալի հետևանք ունենալ. փոքրիկ աղջիկը օվկիանոսի ափով զբոսնելիս գտել է մի առարկա, որը նման է եղել ներկված պլաստիկ պայուսակի:

Առանց մտածելու աղջիկը կռացել է ավելի մոտիկից դիտելու մտադրությամբ, բայց մոտիկ գտնվող հայրը ժամանակին նկատել է դստեր գործողությունները և արգելել շոշափել գտածոն՝ գրում է Medikforum-ը:

Հայրն այդ «գրավիչ բանի» մեջ անմիջապես ճանաչել է «Ֆիզալիա» կամ «պորտուգալական նավակ» անվամբ ծովային գիշատիչներից մեկը:

Այդ արարածի թույնը չափազանց վտանգավոր է ցանկացած արարածի, ներառյալ մարդկանց համար: Մասնագետների կարծիքով՝ եթե մարդուն ֆիզալիան խայթի, ապա, ամենայն հավանականությամբ, նա կզգա արյան ճնշման գրեթե ակնթարթային անկում, շնչառությունը կծանրանա, այնուհետև կկորցնի գիտակցությունը:

Արդյունքում թոքային անբավարարությունը կարող է մահվան պատճառ դառնալ: Այս դեպքում մահվան վտանգը զգալիորեն ավելի բարձր էր, քանի որ երեխայի մարմինը, ի տարբերություն մեծահասակի, չէր կարողանա հաղթահարել ուժեղ թունավորումը:

 

Տղամարդը բարձրացրել է մեդուզան և փայտի օգնությամբ տարել ծով, որպեսզի հանգստացողները չտուժեն նրա խայթոցից:

Նման դեպքերում, մասնագետների կարծիքով, այրված հատվածը պետք է արագ լվացվի ջրով, իսկ ցավը թեթևացնելու համար պետք է սառույց դնել: Լողափում հանգստանալիս պետք է զգույշ լինել, հատկապես երեխաների հետ, և ոչ մի դեպքում նման «փաթեթներին» ձեռք չտալ: