Հայաստանում հայոց լեզվի հետ կապված կարգավորումների ոչ վաղ անցյալի պատմությունը գործող իշխանությանը պետք է հուշեր առավելագույնս զգույշ լինելու հայերենի դասավանդման ծավալի եւ որակի վերանայման հարցում: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ներկայիս ԿԳՄՍ նախարարը, ի պատիվ իրեն, եղել է «Օտարալեզու դպրոցների դեմ» շարժման առաջամարտիկ:
Ցավոք սրտի, գործող իշխանությունը, բարձրագույն դպրոցում հայոց լեզվի, հայ գրականության եւ հայոց պատմության դասավանդման վերանայման հարցում չի ցուցաբերել համակարգային-ռազմավարական մոտեցում, մասնավորապես՝ այդ վերանայումը չի պայմանավորել հանրակրթական դպրոցներում նշված առարկաների դասավանդման որակի զուգահեռ բարձրացմամբ:
Որպես արդյունք՝ նման մոտեցումը ոլորտի կառավարումը վերածում է չկշռադատված փորձարկումների գործընթացի:
Դիտարկվող հարցում այդպիսի մոտեցումը հանրության շրջանում առաջ է բերել տեղին անհանգստություններ, իսկ «Լեզվի մասին» ՀՀ օրենքն ի վնաս հայերենի փոփոխելու միջոցով օտարալեզու դպրոցներ բացած նախորդ ազգադավ ռեժիմի ներկայացուցիչներին հնարավորություն է տվել շահարկումների միջոցով երեւույթը ծառայեցնելու իր ռեւանշիստական նպատակներին:
Վերը նշվածը հաշվի առնելով, գործող իշխանությանը հորդորում ենք.
1. այս եւ մյուս հարցերում որդեգրել համակարգային-ռազմավարական մոտեցում՝ ներգրավելով բավարար մասնագիտական ռեսուրս,
2. զերծ մնալ չկշռադատված փորձարկումներից եւ բարձրագույն դպրոցում հայոց լեզվի եւ նշված մյուս առարկաների դասավանդման վերանայումը պայմանավորել հանրակրթական դպրոցում դրանց բավարար ծավալի եւ որակի ապահովման արդյունքով,
3. ստեղծել բոլոր մակարդակների համար հայոց լեզվի եւ, առհասարակ՝ հայագիտական առարկաների ուսուցման ժամանակակից էլեկտրոնային միջավայրեր»: