Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» Հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը պատասխանել է լրագրողների հարցերին, պարզաբանել՝ որն է նրանց բողոքի պատճառն ու թե ինչքան են պատրաստ պայքարել:

«Մենք անձնավորված պայքար չենք տանում, մենք պայքարում ենք ապազգային երևույթի դեմ: Արայիկ Հարությունյանին ոչ ճանաչում ենք անձնապես, ոչ շփում ենք ունեցել, նրա դեմ ուղղված բան չկա: Մեր պայքարը գործընթացների դեմ է: Արայիկ Հարությունյանի այս ծրագիրը ձախողված է: Վրաստանում Սահակաշվիլու տարիներին այս նույն ծրագիրը փորձարկվեց, երբ ասեցին, որ անգլերենը դառնալու է երկրորդ պետական լեզու, նոր ժողովուրդը ոտքի կանգնեց: Ես վստահ եմ ՝ Հայաստանում հայ ժողովուրդը չի թողնելու, որ այս ծրագիրը կյանքի կոչվի»,-ասաց Չախալյանը:

Նրա տեղեկացմամբ՝ երևանյան դասադուլերին միացել են նաև Շիրակի պետական համալսարանի ուսանողները: Չախալյանը նաև ասաց, որ իրենք քիչ առաջ գիրք են նվիրել Արայիկ Հարությունյանին:

 

«Րաֆֆու «Սամվելը նվիրեցինք: Այնտեղ պարզ լեզվով սևով սպիտակի վրա գրված էր՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մերժեցին կոռուպցիան, կմերժեն նաև այլասերումը: ՀՀ քաղաքացին քվե չի տվել ոչ մեկին, որ հայոց լեզվի ու պատմության դեմ պայքարվի կամ Ստամբույլան կոնվենցիան վավերացվի»,-նշեց Չախալյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք իրենք ունեն արժանի թեկնածու, ով կփոխարինի Արայիկ Հարությունյանին, Չախալյանը պատասխանեց. «Տարբեր բնագավառներում կան շատ լավ կադրեր: Պետք է ազգային, հայեցի մեկը, ում համար խաղալիք չեն լինի այս առարկաները կամ մեկն, ով չի քնի զարթնի ու որոշում կայացնի»:

Իսկ ԼՈՒՐԵՐ.com –ի այն հարցին, թե արդյոք իրենց նախաձեռնությունը միանալու է նստացույցին և դեռ ինչքան է պայքարելու, պատասխանեց. «Մենք չենք կարող թողնել Ստամբուլյան կոնվենցիայի մեր ստորագրահավաքը և մնալ այստեղ նստացույցի, բայց մենք հետևելու ենք գործընթացին ու, ըստ դրա, կորոշենք մեր հաջորդ քայլերը: Պայքարելու ենք մինչև հասնենք մեր ուզածին»: