Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հեղափոխական կաբինետում համարվում է հին համակարգի մարդ և քանի որ Նիկոլ Փաշինյանը վերջինիս վստահել է տնտեսական բլոկի առանցքային պաշտոններից մեկը՝ հասկանանք, ինչով է աչքի ընկել վերջին մեկ տարվա ընթացքում Ջանջուղազյանի ղեկավարած գերատեսչությունը, հատկապես, կողք-կողքի աշխատելով հեղափոխական թիմի անդամների հետ:
 
Նախարարի աշխատանքը արդեն մեկ շաբաթից ավել գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, կապված՝ Բյուջե 2020-ի շուրջ ընթացող խորհրդարանական քննարկումների հետ: Ընդդիմադիրները արդեն իսկ հասցրել են այս բյուջեն գնահատել իբրև իներցիոն, և բավական թույլ՝ հեղափոխական փոփոխություններ ապրած պետության համար: Տնտեսական հեղափոխությանը ոչ հարիր բյուջե կազմելը, սակայն, Ջանջուղազյանի միակ թերացումը չէ: Ֆինանսների նախարարությունը մեկ տարվա ընթացքում այդպես էլ չհաջողեց ներդրումային դաշտի բարեփոխման հարցում, արդյունքում, հեղափոխությունից հետո Հայաստան հոսող ներդրումների՝ մենք այդպես էլ ականատես չեղանք, ավելին՝ վերջին ամիսներին նկատվում է հակառակ տենդենցը, երբ կապիտալը Հայաստանից փախչում է, ինչը նույնպես վկայում է վարվող սխալ ֆինանսատնտեսական քաղաքականության մասին:
 
Ջանջուղազյանի ղեկավարման մեկ տարին առանձնացավ ևս մեկ «կիքսով»՝ Հայաստանի արտաքին պարտքը կրճատվելու փոխարեն շեշտակի աճ արձանագրեց, իսկ կառավարությունը, կարծես թե, նորից նստել է վարկային ասեղի վրա: Նախարարության մյուս ձեռքբերման ՝ հարկային բարեփոխումների արդյունքում բյուջեի կորուստները կազմել են 7-10 միլիարդ դրամ: Բացի այդ, այս մեկ տարվա ընթացքում զգալիորեն սրվել են Ֆիննախ-ՊԵԿ հարաբերությունները, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ երկու առանցքային գերատեսչությունների համակարգված աշխատանքի վրա: Մամուլի տեղեկությունների համաձայն՝ օրերս աշխատանքից ազատվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եղբայրը՝ Մհեր Անանյանը, որը զբաղեցնում էր Ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնը: Չի բացառվում, որ Մհեր Անանյանը «զոհ է գնացել» Դավիթ Անանյան-Ատոմ Ջանջուղազյան առկա հակասությանը:
 
Թեև պետության ֆինանսական դրությունը չի լավանում, նույնը չի կարելի ասել ֆինանսների նախարարի ֆինանսական դրության մասին: Ջանջուղազյանը տարեկան հայտարարագրում ներկայացրել է 8.4մլն դրամ, 24.5 հազար դոլար, 12.8 հազար եվրո դրամական միջոց և 19,002,159.00 դրամ եկամուտ, որից 2,382,000.00 դրամը ստացել է շահաբաժնից, իսկ մյուս մասը՝ աշխատավարձից։
 
Եթե ամեն բան շարունակվի այսպես, ապա կարող ենք փաստել, որ մի կողմից Սերժ Սարգսյանի կադրը հանդիսացող նախարարը կքաշի Փաշինյանին, քանի որ երկրի և հանրության ֆինանսական դրության վատթարացումը ուղղակիորեն ազդելու է վարչապետի վարկանիշի վրա, մյուս կողմից էլ՝ Փաշինյանը կարող է այդ ձախողումը բարդել հենց Սարգսյանի կադրի անհաջող աշխատանքի, իսկ գուցե նաև՝ սաբոտաժի վրա...