Մինչ իշխանությունները խոսում են գնաճի մեղման մասին, Հայաստանի բնակիչները ահազանգում են առաջին անհրաժեշտության սննդամթերքի ու ապրանքների գնի, բենզինի, սեղմված գազի թանկացման վերաբերյալ: Թանկացումների պատճառներն ու գնաճի ազդեցությունը մեղմելու հնարավորությունները քննարկելու համար Հայաստանի խորհրդարանում անցկացված լսումների ընթացքում, շատ քիչ խոսվեց այն մասին, թե կառավարությունն ինչ է կարող անել թանկացումների հետևանքները վերացնելու համար: 2019թ. հոկտեմբերին Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գները սեպտեմբերի համեմատ բարձրացել են 0.6 տոկոսով։ Այս մասին նշված է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցում։ Ընդ որում, ամենաշատը թանկացել է միրգ–բանջարեղենը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն' միրգը' 5.2, բանջարեղենը' 6.7 տոկոսով։ Կաթնամթերքն ու պանիրը թանկացել են 0.5 տոկոսով, ձուն' 0.9 տոկոսով։ Հացամթերքն ու ձավարեղենը հոկտեմբերին թանկացել է 0.4 տոկոսով։ Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը թանկացել են 0.2, ոչ ալկոհոլային խմիչքը, սուրճը, թեյը, կակաոն' 0.3 տոկոսով: Իսկ յուղերի և ճարպերի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Ոչ պարենային ապրանքների գները հոկտեմբերին բարձրացել է 0.6 տոկոսով, գրասենյակային պարագաների գներն աճել են 0.1, կահույքինը' 0.2, ոսկերչական զարդերինը՝ 0.4, կենցաղային տեխնիկայի գները' 0.7– 0.9 տոկոսով, հագուստինը'2.1, կոշկեղենի գները' 5.7 տոկոսով։

Հայաստանում ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ 2020-ից հունվարի մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0.5 տոկոսը, հունվարի 1-ից թանկանալու է ընդհանուր 699 անուն ապրանք, մասնավորապես՝ միսը, ձեթը, հացահատիկը, պարարտանյութը: Հաշվի առնելով պետբյուջեով նախատեսվող գնաճը՝ 4 տոկոս ± 1.5 տոկոս, եթե միջին թանկացումը կազմի 8-9 տոկոս, կառավարությունը աղքատության շեմից ցածր մակարդակ ունեցող ընտանիքների համար որոշակի մեղմացում նախատեսո՞ւմ է արդյոք՝ սա հարց է, որի պատասխանը կառավարությունը չի շտապում տալ: Հեղափոխությունից հետո իշխանությունների համար հպարտանալու գլխավոր առիթը թերևս գնանկումն էր, օր չէր լինում, որպեսզի ամենաբարձր ամբիոններից չթմբկահարվեր այն մասին, որ օրինակ՝ բանանի կտրուկ էժանացումը հենց հեղափոխության արդյունքն է:

Անցել է շուրջ մեկ ու կես տարի, սակայն բանանը այսօր ավելի թանկ է, քան մինչ հեղափոխությունը: Ինչո՞վ է պայմանավորված Նոր Հայաստանի այս գնաճը: Ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվը թերևս ԵԱՏՄ մաքսատուրքերն են, իսկ սուբյեկտիվը՝ նոր իշխանությունների որդեգրած հարկային քաղաքականությունը, պրեսինգը ու ռեկետը, ինչպես նաև օլիգարխների կողմից անհիմն գների բարձրացումը, ինչը դժվար թե տեղի ունենար առանց վերևների հովանավորության…