Երևանի առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 19-ին ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդության քննությունը՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստի ընթացքում փաստաբանական թիմի անդամները վերահաստատել են իրենց դիրքորոշումը դատախազ Պետրոսյանի նկատմամբ՝ պնդելով նրան դատական գործընթացից հեռացնելու անհրաժեշտությունը:
Դատարանը լսեց տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների, ինչպես նաև մեղադրող դատախազների կարծիքները բացարկի միջնորդության վերաբերյալ առարկությունները:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 19-ին, ժամը 17:50-ին:
Նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել: Քոչարյանի մյուս պաշտպանները ևս միացել էին միջնորդությանը:
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ևս առանձին բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Պետրոս Պետրոսյանին: 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: