«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը խմբակցության այսօրվա ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով «օրենքով գողերի» օրենքի նախագծին, կրկին կարևորեց երևույթի քրեականացումը: Պնդեց նաև, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ այս իշխանությունն ու կառավարությունը հանդուրժող լինել չեն կարող այդ երևույթի նկատմամբ. «Չմոռանանք, որ այնպես չէ որ մեղավոր են միայն այդ ենթամշակույթը կրող մարդիկ, և միայն այդ մարդիկ են պատասխանատու այդ երևույթի համար: Չպետք է մոռանանք պետության էլեմենտը, կարծում եմ բոլորիս համար աքսիոմատիկ է, որ, եթե պետությունը չլինի թույլ, եթե պետությունը չլինի այս երևույթի նկատմամբ հանդուրժող, եթե պետությունը չխրախուսի այդ երևույթը, ինչպես բազմիցս տեսել ենք նախկինների կողմից, այդ երևույթը չի տարածվի, այն էլ այսքան բացահայտ»:
Ճշտող հարցին, թե ովքեր և ինչպես են խրախուսել երևույթը տարածողներին, պատգամավորը հստակեցրեց. «Բազմիցս տեսել ենք նյութեր, որոնցում հստակ երևում է, որ նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ հանդիպել են քրեական աշխարհը ներկայացնող մարդկանց հետ, մասնակցել են խնջույքների: Եթե անուն ազգանուններ եք ուզում, ասեմ՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ հանդիպում-խնջույքների տեսանյութերը կան, ինքներդ նայեք, ոչ մեկս նոր չենք հայտնվել Հայաստանում, բոլորս լավ գիտենք անցյալի դեպքերը: Ստեղծված է եղել պետություն պետության մեջ»:
Պատգամավորները պնդեցին, որ օրենքի փոփոխությունները պետք է տարածվեն դպրոցներում, համալսարաններում, կրթական ու մշակութային բոլոր-բոլոր հաստատություններում՝ սկսած լեզվի տարրական կիրառումից, խոսելաձևից ու պատկերացումներից. «Մենք պետք է փոխենք երեխաների մոտ ձևավորված հերոսի կերպարը: Հեղինակություն և հերոս պետք է լինի ստեղծագործ, աշխատող ու ազնիվ մարդը, ոչ թե հարց լուծող, քրեական ենթամշակույթ կրող մեկը»: