Հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ էականորեն նվազեցնելու են պաշտոնյաների գործուղումների վրա պետական բյուջեից ծախսվող գումարները, ավելին՝ կառավարության որոշմամբ գերատեսչությունների ղեկավարները, նրանց տեղակալները կամ պատվիրակության անդամ մյուս չինովնիկները պետք է գործուղումների մեկնեն միայն էկոնոմ դասով: Նման փոփոխությունը հասկանալի է, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն էր ընդդիմադիր գործունեության շրջանում ակտիվորեն քննադատում Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ ճոխ գործուղումներ կատարելու համար: Դավոսի համաշխարհային ֆորումին օդանավով մեկնելու որոշումը շատ թանկ նստեց Կարապետյանի համար, նա հայտնվեց ընդդիմության քննադատության թիրախում, վերջիններս պնդում էին որ իրականում շքեղ օդանավը սպասարկվելու է հենց պետական բյուջեի հաշվին: Փաշինյանը, իհարկե, ընդունեց որոշումը՝ ճոխ գործուղումները կանխելու համար, սակայն արդյո՞ք այդ որոշումը աշխատում է:

Նոր Հայաստանի ամենա «գործուղումասեր» պաշտոնյաները հայտնի են՝ Տաթևիկ Ռևազյան, Արևիկ Անափիոսյան, Սուրեն Քրմոյան, Արսեն Թորոսյան: 2016թ. ընթացքում Հայաստանի վարչապետերը (տարվա սկզբից Հովիկ Աբրահամյանը, այնուհետեւ, ի պաշտոնե, Կարեն Կարապետյանը) կատարել են 5 այց դեպի Ռուսաստան եւ Բելառուս՝ ԱՊՀ-ի եւ ԵՏՄ-ի շրջանակներում: Գրեթե բոլոր աշխատանքային եւ պետական այցերի ժամանակ հիմնական շեշտադրումները եղել են դեպի Հայաստան ներդրումների ներգրավումը, ղարաբաղյան հակամարտության, դրանում հայկական կողմի դիրքորոշման ներկայացումը, հայ համայնքի հետ հանդիպումները:

Ասել է, առնվազն ինչ-որ գործնական արդյունք այդ գործուղումները տվել են, ինչը չես ասի Նոր Հայաստանի պաշտոնյաների բազմաթիվ ու անպտուղ վոյաժների մասին: Սակայն, եթե կառավարության անդամներն առնվազն ձևականորեն ձգել են գոտիները, նույնը չի կարելի ասել վարչապետ Փաշինյանի մասին, ով, կարծես թե, որոշել է չհետևել իր իսկ հրահանգին: Նա կարող է բյուջեից 400 հազար դոլար հատկացնել մասնավոր ինքնաթիռով ԱՄՆ մեկնելու համար և անգամ դրանով էլ չբավարարվել՝ որոշելով բյուջեից ևս 50 միլիոն դոլար հատկացնել նոր ինքնաթիռ ձեռք բերելու համար: Մինչդեռ Կարեն Կարապետյանի Դավոսյան այցը հենց Փաշինյանի թիմը ժամանակին դարձրել էր մատի փաթաթան: Այսինքն՝ այն, ինչ չէր կարելի վարչապետ Կարեն Կարապետյանին, կարելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այն էլ կրկնակի, եռակի ճոխությամբ…