Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանն աղմկահարույց օրինագիծ է ներկայացնում, որով առաջարկում է զինվորական ծառայություն՝ արագացված ընթացակարգով: Ըստ օրենքի՝ բանակում ծառայել չցանկացողները կարող են պետական բյուջե վճարել 10 մլն դրամ և ծառայել, ընդամենը, մեկ ամիս։
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի կարծիքով՝ նախագծի հեղինակները զինվորական ծառայության հետ առնչություն չունեցող մարդիկ են։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ռազմական փորձագետը նշեց, որ նախագիծը ֆինանսական միջոցներ ունեցողներին հնարավորություն է տալիս խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից։
«Մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն ծառայել, դուրս են եկել Հայաստանից և հաշվառված լինելով այստեղ՝ հետապնդման տակ են գտնվում։ Ինչ-որ ձևով պետք է խնդիրը լուծել, բայց հարկավոր է հասկանալ առաջարկվող նախագիծը օգուտ կտա, թե՞ վնաս։ 10 մլն-ը առաջարկվում է 10 տարվա համար․ այսինքն՝ նախագիծը 18-27 տարեկանների՝ զինվորական ծառայությունից ազատվելու համար է: Տարվա կտրվածքով 1 մլն դրամ է կազմում, որը 12 ամսվա վրա բաշխելիս՝ կազմում է 83 000 դրամ։ Կարծում եմ՝ դրսում ապրող հայերի համար, որոնք այնտեղ աշխատանք ունեն, դա մեծ գումար չէ։ Այսինքն, մարդիկ կարող են այլևս չմտածել, որ երկրին պարտք ունեն կատարելու, փախած մնան, հավաքեն գումարը, վճարեն և ազատվեն ծառայությունից։ Ունևոր խավի համար հետևանք չի ունենալու, գումարը տալու են և հեշտությամբ ազատվեն պատասխանատվությունից, իսկ ոչ ունևոր խավը մինչև անգամ տուն վաճառելու քայլին է գնալու՝ երեխային ծառայությունից ազատելու համար»,- նշեց նա՝ նշելով, որ նախագիծը կարող է նման բացասական հետևանքների հանգեցնել և մեծացնել բանակից խուսափողների թիվը։
Եղիազարյանը չհամաձայնեց Հայկ Սարգսյանի այն կարծիքին, թե օրենքը կբերի պայմանագրային ծառայողների թվի աճին․ «Մեկը մյուսի հետ որևէ կապ չունի։ Այսօր էլ ոչինչ չի խանգարում պայմանագրային ծառայողների թվի աճին, եթե կա՝ կա։ Իսկ նրանց թիվը կարող է աճել միայն սոցիալական երաշխիքները մեծացնելու հետևանքով։ Օրենքը բացարձակ դրան չի բերի»,- ասաց ռազմական փորձագետը։
Նրա խոսքով՝ մեկ ամսում զինվոր չեն դառնում, 2 տարվա ընթացքում երիտասարդները կուրսեր են անցնում, որպեսզի զինվոր դառնան․ «Մարտական դիրքեր 6 ամիս չեն տանում, որովհետև 6 ամիս հարկավոր է, որ զինվորի հոգեբանություն ունենա։ Իսկ մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք և մեր զորամասերի մեծ մասը սահման պահող զորամասեր են։ Անարդարացի է նաև այն առումով, որ մեկ ամիս ծառայածն ունենում է նույն իրավունքը, ինչ մարտական ծառայություն անցած մարդը։ Կարծում եմ նախագիծն իրականացնելու դեպքում՝ պայմանները այլ պետք է լինեն։ Նախ գումարի չափը պետք է մեծ լինի, ծառայությունն էլ 3-6 ամիս լինի, որպեսզի հասցնեն զինվոր դառնալ, որպեսզի երկրի խնդրի առաջ կանգնելու դեպքում՝ իրեն զորակոչեն, նա պատրաստ լինի»,- ասաց Արթուր Եղիազարյանը։