ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ: Այս մասին Աննա Հակոբյանը նշել է «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին:
«Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան «Տելեգրամ»-ի իր էջում գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում: Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, և նա կլինի մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը: Սա հրավեր է և եթե նա ընդունի այդ հրավերը՝ պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում»,-նշել է Աննա Հակոբյանը:
ՀՀ վարչապետի տիկինը կարծում է, որ սա կարող է ՄԱԿ-ի 1325 բանաձևի շատ ռեալ և շատ բարձր նպատակի իրականացման ձև լինել ամբողջ աշխարհում:
«Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Արցախ մուղամ լսեն և դա անեն պատերազմի միջոցով՝ ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,-ավելացրել է նա:
Աննա Հակոբյանի խոսքով, եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում է Արցախում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ խաղաղությունը, Արցախի հետ բարիդրացիական հարաբերությունները և որպես հյուր փոխադարձ այցերը: Նա ընդգծել է, որ աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են:
«Եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել: Ուզում եմ նորից կրկնել, որ հրավերը միանգամայն լուրջ է»,-եզրափակել է Աննա Հակոբյանը:
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգին վերաբերող առաջին բանաձևն ընդունել է 2000թ-ի հոկտեմբերի 31-ին: 1325 բանաձևն ընդգծում է կանանց դերը հակամարտության լուծման, խաղաղարարական, խաղաղաշինական և բանակցային գործընթացներում, խիստ կարևորում է կանանց հավասար մասնակցությունը նշված բոլոր գործընթացներում՝ որպես անվտանգության և խաղաղության հաստատման կարևորագույն երաշխիք: Բանաձևն ընդգծում է կոնֆլիկտի՝ կանանց վրա ունեցած տարբերվող և առավել կործանարար ազդեցությունը: Բանաձևը կոչ է անում ՄԱԿ անդամ բոլոր պետություններին և դերակատարներին ձեռք առնել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ապահովելու կանանց և աղջիկների անվտանգությունը և հավասար մասնակցությունը որոշումների կայացման և բանակցային գործընթացներում: