Կառավարության շենքի առաջ այսօր Երևանի բնակիչ Մխիթարյան Արմենուհին իր ընտանիքի անդամների հետ բողոքի ակցիա էր իրականացնում: Քաղաքացիները պահանջում էին կառավարությունից պատասխանել իրենց նամակներին ու զանգերին. «Մենք ընտանիքի ութ անդամներով ապրում ենք մի սենյակի մեջ, հաշմանդամ, հոգեկան խնդիրներ ունեցող տղա ունեմ, հաշմանդամ ամուսին, երկու անչափահաս երեխա: Դիմել եմ պետական գույքի կառավարմանը, որովհետև էդ հանրակացարանային շենքը իրենց է պատկանում: Ինձ ասեցին, որ նույն շենքում կա ազատ տարածք, գնա դուռը բացի, ապրի, մենք տեր ենք: Մենք էդ ընթացքում կզբաղվենք փաստաթղթերով: Գնացել ենք, մտել, մաքրել ենք, տեղավորվել, հիմա էլ էս ձմեռվա կեսին եկել են, ասում են՝ ապօրինի եք մտել, պիտի դուրս գաք: Մարդ սկի իրա շանը հիմա դուրս չի հանի, ինձ ասում են երեխեքին վերցրեք դուրս եկեք»:

Քաղաքացու պնդմամբ՝ ոստիկաններն արդեն այցելել են իրենց տուն, պահանջել, որ հավաքեն իրերն ու հեռանան, սակայն իրենք գնալու տեղ չունեն: Ընտանիքը պահանջում է, որ այդ տունը որպես նվիրատվություն տրվի իրենց: «Ասում են, եթե դուրս չեք գալիս, վճարեք յոթ միլիոն դրամ, ես էդ պադվալի համար ոնց յոթ միլիոն վճարեմ, որտեղից վճարեմ: Նույն վիճակում կողքիս հարևանն էր, տունը նվիրատվություն արեցին իրենց, ինչու մեզ էլ չեն նվիրում էդ տունը: Ես պահանջում եմ, թող նվիրատվություն անեն իմ երեխաներին»,- եզրափակեց բողոքող քաղաքացին:

Ավելի ուշ Արմենուհի Մխիթարյանը հայտարարեց. «Եթե բողոքիս լուծում չտան, երակներս կտրելու եմ, արյունս լցնեմ կառավարության առաջ»: