Վերջին շրջանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը բազմիցս շեշտել է Հայաստանում ուսանողական լիգաներ ստեղծելու անհրաժեշտության մասին: 

«Դեռ ուսանողական ժամանակներից գիտեմ, թե թիմային պայքարի և բուհերում մթնոլորտը փոխելու տեսանկյունից որքան կարևոր են այսօրինակ միջոցառումները: Մենք պետք է զարգացնենք նմանատիպ մրցումները և ապագայում ունենանք ուսանողական լիգաներ»,- հանրապետական ուսանողական մարզական խաղերի ժամանակ իր ելույթում  նշել էր Հարությունյանը:

Կառավարության նիստի ժամանակ նախարարը հայտնեց, որ ներկայումս նախարարությունում քննարկվում է ուսանողական մարզական լիգաների ստեղծելու հարցը:

 

Այս թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է ուսանողական լիգա հայեցակարգի հեղինակ Արման Սաֆարյանի հետ: Մեր զրուցակցի կարծիքով՝ ՀՀ-ում համալսարանական սպորտի նկատմամբ կա բավականին մեծ հետաքրքրություն և պահանջարկ: Լինելով համալսարանական բազմաթիվ նախաձեռնությունների և միջոցառումների նախաձեռնող և կազմակերպիչ՝ Սաֆարյանը գաղափար է առաջացել ստեղծել ՀՀ-ում նախադեպը չունեցող ինստիտուցիոնալ համակարգ, ինչը կնպաստի, որ ստեղծվի ուսանողների համար նոր և հետաքրքիր մարզական միջավայր:

 

«Այս նախաձեռնության մասին փորձել եմ տեղեկացնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Եվ ի զարմանս և ուրախությունս ինձ՝ կարճ ժամանակում ծրագրի վերաբերյալ ստացել եմ դրական արձագանք՝ նաև նախարարի կողմից հրապարակային բազմաթիվ հայտարարությունների տեսքով: Ուսանողական լիգայի մասին խոսել եմ անձամբ նախարարի հետ և պատիվ ունեմ ասելու, որ նախարարը շատ է ոգևորվել այս նախաձեռնությամբ և խոստացել է կյանքի կոչել այս գաղափարը»,- նշեց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ լիգան իրենից ենթադրում է ինստիտուցիոնալ մի համակարգ, որի գործառույթը լինելու է սպորտային մրցույթներ և միջոցառումներ իրականացնելը, ինչպես նաև նպաստելը սպորտի զարգացմանը և մասսայականացմանը:

 

«Մենք պլանավորում ենք ստանալ միջազգային ստանդարտներին համապատասխան և պրոֆեսիոնալին մոտ մի մրցումային համակարգ, որի շնորհիվ կկարողանանք բարձրացնել հետաքրքրությունը սպորտի նկատմամբ և կստեղծենք ուսանողության համար բավականին բարձր մակարդակի ժամանցային միջավայր: Ի դեպ, ասեմ, որ ունեցել ենք հանդիպում ԲՈՒՀ-երի Ուսանողական խորհուրդների հետ և իրենց կողմից ստացել ենք դրական արձագանք այս նախաձեռնության հետ կապված»,- ասաց ծրագրի հեղինակն ու հավելեց, որ կրկին ցանկանում է նշել նախարարի ու պատրաստակամությունն այս նախաձեռնության իրականացման ուղղությամբ:

 «Շատ մեծ նշանակություն ունի պարոն Հարությունյանի  կոնստրուկտիվ մոտեցումն ու պատրաստակամությունն այս նախաձեռնությունն առաջնորդելու և իրականություն դարձնելու ճանապարհին, որը շատ մեծ ոգևորությամբ պետք է ընդունվի ԲՈՒՀ-ական հասարակության և ուսանողության կողմից: Ինչի համար պետք է շնորհակալությունս հայտնեմ պարոն նախարարին, որ սատարում է ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերին և նպաստում է սպորտի զարգացմանը»,- եզրափակեց Սաֆարյանը: