«Ադեկվադ» միաբանության ղեկավար, նորաստեղծ «Ադեկվադ» կուսակցության վարչության կազմի նախագահ Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱԳՆ կայքում հրապարակված՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Բրատիսլավայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ունեցած ելույթի տեքստային տարբերակի անգլերեն և հայերեն տարբերակներում կան անհամաձայնություններ:
Դանիելյանը գրում է. «ՀՀ ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը: Հայերեն նրանք տվել են մի տեքստ, որտեղ շատ ռազմահայրենասիրորեն նշում են, որ «Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը»: Իսկ անգլերեն տարբերակում, այսինքն' օրիգինալում նման բառեր չկան: Հետևությունները թողնեմ ձեզ»:
Ստորև ներկայացվում է վերոնշյալ հայտարարության նույն հատվածի հայերեն և անգլերեն տարբերակները, որոնցից ակնհայտ երևում է, որ ելույթի 5-րդ կետը հայերեն տարբերակում անհամեմատ ընդարձակ է շարադրված և որից բացակայում է Արթուր Դանիելյանի հիշատակած հատվածը:
«Հինգերորդ․ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994թ. և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով»։
«Fifth, peaceful settlement cannot take place in an environment of tensions and risks of escalation. Therefore the 1994 and 1995 ceasefire agreements concluded between Azerbaijan, Nagorno Karabakh and Armenia should be strictly adhered to and strengthened. Risk reduction mechanisms, including the OSCE mechanisms investigating ceasefire violations and monitoring ceasefire regime, including by way of expanding the office of the PRCiO should be implemented.»:
Ավելի ուշ Արթուր Դանիելյանի գրառմանն արձագանքել է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ կրկին ստուգում է տեքստը և վրիպակի առկայության դեպքում այն կհեռացվի: