Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի արտգործնախարարության տարածած այն հայտարարությանը, թե Արցախի հարցում քաղաքական լուծում պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունների արդյունքում:
«Լավ է, խելքի են գալիս, որ պետք է բանակցային գործընթացով հարցը կարգավորվի եւ ռազմական հռետորաբանությունը նվազում է»:
Այն հարցին, թե կարող է շփման գծում լարվածություն դիտվի՝ Գաբրիել Բալայանը պատասխանեց.
«Բանակցությունների ցանկացած ընթացքին զինված ուժերը պատրաստ են, խնդրում եմ, անհոգ եղեք, բանակցության ցանկացած ելքին ԶՈՒ-ն պատրաստ է: Բանակցությունների ընթացքը որեւէ ձեւով չի ազդում ԶՈՒ պատրաստվածության վրա, մարտական պատրաստության վրա: Ինչպես մի քանի անգամ հայտարարել ենք, այսօր առաջնագծում իրավիճակ թելադրողը Հայաստանի ու Արցախի զինված ուժերն են: Բոլոր նախատեսված միջոցառումներն իրականացվում են: Այսօր պետբյուջեի քննարկումներն են, վարչապետն էլ հայտարարեց, որ բավական լուրջ ձեռքբերումներ ունենք ԶՈՒ-ում: Դա, իրոք, փաստ է, դեռ շատ բան չենք էլ կարողանում հրապարակել, թե ինչպիսի ձեռքբերումներ ունենք: Այդ առումով, խնդրում եմ, որ ի գիտություն ընդունել, որ որևիցե բանակցային գործընթաց չի խանգարում, որոշակի առումով օժանդակում է, բայց չի խանգարում մեր ԶՈՒ-ին ավելի մարտունակությունը բարձրացնելու, զգոնությունը բարձրացնելու: Մենք մեր իրավասությունների շրջանակներում ամեն օր զարգացումն ապահովում ենք»:
Գաբրիել Բալայանը նաև ասաց, որ սահմանին որոշակի լարվածություն է նկատվել բանակցային գործընթացից առաջ, իսկ վերջին օրերին կրակոցների քանակի կտրուկ ավելացում կամ նվազում չի եղել:
«Բավական դրական դինամիկա ունենք, իմիջիայլոց, եթե չնշենք անցած շաբաթ վիրավորում ստացած զինծառայողի դեպքը, որի համար խիստ պատասխան ենք տվել, մնացածն իր ընթացքով գնում է»: