Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը դեկտեմբերի 5-6-ը նշեց հիմնադրման 15-ամյակը: Կարևոր հոբելյանի առիթով՝ ԲՈՒՀ-ը կազմակերպել էր միջազգային կոնֆերանս՝ «Կրթությունը 21-րդ դարում» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր երկրներից հրավիրված հյուրեր, նաև ԲՈՒՀ-ի առաջին ռեկտորը:
Ելույթով հանդես եկավ Գ․Վ․ Պլեխանովի ՌՏՀ Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը․ «Եթե մենք՝ հայերս, և ռուսները գիտակցում ենք մեր քաղաքական շահերի ու նպատակների ընդհանրությունը, ապա չենք կարող և իրավունք չունենք թերագնահատել կրթության և գիտության ոլորտի կարևորությունը։ Դրա համար կարծում եմ՝ անհրաժեշտ է կրթական ծրագրերի շրջանակում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին հաղորդել նոր որակ։ Նաև անհրաժեշտ է հզոր դինամիկա փոխանցել նոր ինտեգրացիոն գործընթացներին»,- ասաց Վարդանյանը։
Իր խոսքում՝ Գ․Վ․ Պլեխանովի ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը նկատեց՝ համալսարանը նպաստում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանն, այլև իրականացնում է հայրենադարձություն՝ կրթության միջոցով․ «Հայաստանի Երևանի մասնաճյուղն իր փոքր լուման է ներդնում այն մեծ ծրագրի մեջ, որը կոչվում է հայրենադարձություն։ Մենք իրականացնում ենք կրթության միջոցով հայրենադարձություն։ Կրթության շուկայում մեր առաջարկը եզակի է։ Որակյալ կրթությունը զուգակցում ենք հայրենիքում ապրելու, սովորելու, հայկական միջավայրին ինտեգրվելու բերկրանքով։ Շատ հաճախ շատերը չեն վերադառնում այնտեղ, որտեղից եկել են, մնում են հայրենիքում»,- նշեց Թամարա Վարդանյանը։
Տնօրենի խոսքով՝ ԲՈՒՀ-ն ունի ֆակուլտետ, որը տարածաշրջանում եզակի է, այն կոչվում է «Կիրառական մաթեմատիկան տնտեսության մեջ»։
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Սերգեյ Կոպիրկինն էլ իր ելույթում նշեց․ «Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը իր գոյության ընթացքում ներկայանում է որպես Հայաստանի առաջատար ուսումնական հաստատություններից մեկը' մատուցելով ինչպես միջին մասնագիտական կրթական ծառայություններ, այնպես էլ բարձրագույն կրթության: Համալսարանի դիպլոմը որակի բարձր չափանիշ է Հայաստանի ցանկացած անկյունում»,- ասաց դեսպանը: