Այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Համաձայն նախագծի, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը՝ կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: Օրենքի նախագծի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց փաստաբան Արամ Օրբելյանի հետ:
«Պաշտոնապես այն, ինչ նկարագրված է, չի համապատասխանում մեր սահմանադրությանը: Ըստ էության, նկարագրված է, որ Սահմանադրական դատարանը պետք է այլ կարգով ու այլ սահմանադրությամբ կազմավորվի, քան այսօրվա գործող ՍԴ-ն է: Սրա հետ կապված սահմանադրությունը ուղղակիորեն նախատեսել է այլ կարգ, այն է՝ Սահմանադրական դատարանը պետք է շարունակի պաշտոնավարել մինչև ՍԴ դատավորների ժամկետի ավարտը»,- նշեց փաստաբանը:
Նա ընդգծեց, որ այսօր գործող օրենքը նախատեսում է կարգավորում, համաձայն որի, այն դատավորները, ովքեր 12 տարի պաշտոնավարել են, կարող են թոշակի գնալ. «Սահմանադրական դատարանը, ըստ էության, Հայաստանի ամենաբազմազան նշանակման տարիներով մարմինն է, որտեղ կան դատավորներ, ովքեր նշանակվել են տարբեր ժամանակներում»:
Փաստաբանը նաև նշեց, որ, ըստ ամենայնի, նրանք շատ պարզ տեքստով ասել են, որ ՍԴ-ն պետք է այլ կառուցվածք և այլ կազմ ունենա:
«Նոր օրենքը հակասահմանադրական է, որովհետև հիմնվում է սահմանադրության միայն մի հոդվածի վրա՝ մոռանալով անցումային դրույթները»,- շեշտեց փաստաբանը:
Օրբելյանի կարծիքով՝ դատավորներից ոչ ոք հրաժարական չի ներկայացնի. «Օրենքի ընդունման շրջանակներում կա մի շատ կարևոր փուլ: Ես խորին համոզմունք ունեմ, որ ՀՀ նախագահը չի ստորագրելու օրենքը և նախագիծը ուղարկելու է ՍԴ՝ պարզելու նախագծի սահմանադրականությունը՝ մինչև ստորագրելը»: