«Ես մեր ու ընդդիմության հարաբերությունների մեջ սիրո պակաս չեմ տեսնում, իսկ ընդդիմությունը նրա համար է, որ, եթե սիրո պակաս կա, ինքը գա ու իր կողմից լրացնի` պետության առաջնահերթությունները սպասարկելով: Սիրո մնացած զգացմունքները մի քիչ այլ տեղ են քննարկվում»: Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ի այն հայտարարությանը, թե իշխանությունները միայն խոսում են սիրո և հանդուրժողականության մթնոլորտից, իսկ իրական հարաբերություններում դրանց պակասը կա:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց, որ ինքը պատգամավոր է եղել նաև 6-րդ գումարման ԱԺ-ում, և նախորդ ու ներկա խորհրդարանական հարաբերություններն ուղղակի համեմատելի չեն: «Գուցե մենք ավելի բաց ու կտրուկ ենք արտահայտվում, բայց երբեք չեմ համեմատի նախորդ` 6-րդ գումարման ԱԺ-ում տիրող մթնոլորտը՝ մերօրյա ձևավորված մթնոլորտի հետ: Ագրեսիայի առումով, ուղղակի, խայտառակություն էր տիրում: Այսօր այդ բանը չկա, գործնական վիճակ է, ինչը կարող եք տեսնել միջանցքներում մեր շփումների մեջ»:

Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին օրենքին, շեշտեց, որ կարևոր են քննարկումները, որոնք բարձրաձայնում են ՍԴ-ում եղած ճգնաժամի մասին, որովհետև դրանք կրկին ու կրկին հաստատում են, որ ՍԴ-ում կա ճգնաժամ: «Բոլորս ընդունում ենք, որ ճգնաժամ գոյություն ունի, և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հերթական անգամ այդ ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն է տրվում։ Հրայր Թովմասյանը սա պետք է ինքն ինքնուրույն աներ, դեռ շատ ամիսներ առաջ, բայց թողեց հասնի այնտեղ, որ խորհրդարանն արդեն երկրորդ անգամ քայլ է անում՝ ճգնաժամի հաղթահարման համար տալ հնարավորություն ՍԴ անդամներին»։


Հարցին, թե ինչ արդյունք կունենա ընդունված օրենքը և ինչքանով են իրենք վստահ, որ դատավորները կօգտվեն ընձեռված հնարավորությունից, Քոչարյանը պատասխանեց. «Մենք չգիտենք` կօգտվեն այս հնարավորությունից, թե չէ, դա կտեսնենք միայն հետագայում»: