«Բավականին դժվարությամբ հնարավոր դարձավ կասեցնել ադրբեջանական հերթական նախաձեռնությունը՝ կապված Մեծամորի ատոմակայանի փակման հետ»,- ասում է ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանն, ով Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարն էր:

Մամուլի ասուլիսի ժամանակ պատվիրակության անդամները պնդեցին, որ կարողացել են տապալել ադրբեջանական պատվիրակության՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի փակման հարց դնելու փորձերը: Աբրահամյանը պատմում է, թե ադրբեջանական կողմը ուղիղ բառերով շեշտում էր, որ ԵՄ-ն պետք է բոլոր ջանքերը ներդնի, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում իրականացվեն ատոմակայանի փակման գործընթացները: «Հենց քվեարկությունից առաջ հանձնաժողովում ձայնի իրավունք վերցրի և երկար փաստարկներով ներկայացրի, թե ինչու է այս առաջարկությունն անընդունելի».- ասաց Աբրահամյանն ու հավելեց. «Նաև ներկայացրինք Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության զեկույցից հատված, որտեղ հստակ շեշտադրվում է, որ Մեծամորի ատոմակայանն իր անվտանգության մակարդակում բավականին առաջընթաց է ապահովել վերջին 2-3 տարիների ընթացքում»:

Պատվիրակության ղեկավարի հավաստմամբ՝ հենց այս խոսքերն են ազդել ներկաների վրա և հայկական ատոմակայանի փակման առաջարկին դեմ են քվեարկել բոլորը՝ բացառությամբ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի: