ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը երեկ՝ նրա տանը ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից խուզարկություն կատարելուց հետո, ամբողջությամբ նվիրված էր սեփական անձը «քավության նոխազ» ներկայացնելուն: Նա խոսեց իր իրավունքները ոտնահարելու մասին՝ մոռանալով 2012թ. իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դեպքը, երբ սպորտային համազգեստ կրելու համար վիճաբանություն էր առաջացել մի խումբ բժիշկների և մատուցողի միջև։ Այնուհետև ռազմական բուժծառայողները դաժան ծեծի էին ենթարկվել, որի հետևանքով նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, մահացել էր:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այն ժամանակ ստեղծված՝ «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նշեց, որ գործը մինչև վերջ չի բացահայտվել, քանի որ կան հիմնավոր կասկածելի երևույթներ. «Մինչև այժմ հայտնի չէ, թե այդ դեպքի օրը Ռուբեն Հայրապետյանը գտնվե՞լ է Հարսնաքարում, թե ոչ, քանի որ զարմանալի պատահականությամբ բոլոր օբյեկտների տեսանկարահանող սարքերը միաժամանակ չեն աշխատել և միայն բանավոր հավաստիացնում էին, որ նա գտնվել է ՀՖՖ-ի շենքի տարածքում: Չէր տրամադրվում նաև հեռախոսազանգերի վերծանությունը: Մարդիկ, որոնք ըստ դատական պրոցեսի ճանաչվեցին մեղավոր, աննախադեպ պատժի ենթարկվեցին, որովհետև նմանատիպ հանցագործությունների համար այն ժամանակվա պաշտոնյայի կամ Հանրապետական կուսակցության թիկնապահներ երբեք չէին դատապարտվել: Արդյո՞ք նրանք են եղել կամ չեն եղել հանցագործություն կատարողը կամ արել են հենց Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ՝ մինչև այժմ բացահայտված չէ: Կասկածելի է նաև այն փաստը, որ վերջինս այդ դեպքից հետո առանց պատճառի վայր դրեց պատգամավորական մանդատը՝ փորձելով դրանով ծածկել այդ գործընթացը, ոչ թե դատական համակարգում իր անմեղությունը ապացուցելով: Մեր հիմնական խնդիրն էր հասկանալ՝ որքանո՞վ է նրա դերակատարւթյունը, ինչը դեռևս հայտնի չէ: Այն ժամանակ նրա՝ դատարան գնալը ևս աննախադեպ էր, քանի որ մինչ այդ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա դատարան չէր բարեհաճում գնալ»,- ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ այս ամենը հիմք են տալիս մտածելու, որ Հայրապետյանը Վահե Ավետյանի հետ կատարվածում ունեցել է մասնակցություն և շահագրգռվածություն:

 

Անդրադառնալով գործը վերաբացելու հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ դրա մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ նոր հանգամանքներ երևան գան. «Եթե օրերից մի օր որևիցե մեկը տեսագրություն ներկայացնի իրավապահ մարմիններին, կամ հեռախոսազանգ հայտնվի, որտեղ Ռուբեն Հայրապետյանն է հրամայել ծեծի ենթարկել բժիշկներին, կամ վկայի ցուցմունք լինի, ապա գործը կարող է վերաբացվել: Երբ մարդուն պատկանող հաստատությունում ինչ-որ բան է կատարվում, եթե ոչ ուղիղ, ապա անուղղակի պատասխանատուն ինքն է: Նման դաժան ծեծի ենթարկելը միայն հրահանգավորված գործողութուն կարող էր լինել»,- նշեց Հովհաննիսյանը:

 

Հարցազրույցի ընթացքում Հայրապետյանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «բռնել» իրեն: Ստացվում է՝ եթե նախկինում Հայրապետյանն էր հրահանգներ տալիս, ապա այսօր իր անձի դեմ ուղղված գործողությունների մասին է ահազանգում: Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ հիմա՞ էլ կան նման մեխանիզմներ. «Իր ասածներն ինձ համար հիմք չեն, ես կսպասեմ իրավապահ համակարգի հիմնավորումներին, թե ինչ հիմքով է կատարվել ցանկացած գործողություն: Այն, որ Ռուբեն Հայրապետյանը բազմաթիվ կասկածելի գործարքների, մարդու իրավունքների խախտումների և բռնությունների հեղինակ է եղել՝ կասկածներ չունեմ: Նա բազմիցս հպարտացել է իր բռնարար արարքներով՝ ասելով, որ ծեծում և պատժում է բոլորին: Դեռևս այն ժամանակ բազմաթիվ դեպքերի մասին էին պատմում ՀՖՖ-ում նրա բռնարար վարքի, ֆիզիկական հաշվեհարդարի վերաբերյալ, որի պատճառով ֆուտբոլիստները, մարզիչները լքում էին ակումբը: Պարզապես իրավապահ համակարգը եղել է կուսակցության վերահսկողության ներքո և եթե հիմա դրանք հնարավոր է բացահայտել՝ ես միայն կողմ եմ»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Սոնա Հարությունյան