Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Քննչական ծառայության միջնորդությունը։
Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու մեջ: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Հանրապետական հիվանդանոցում գրանցված վերջին դեպքից տուժած Հայկուհի Խաչատրյանի հետ: Հիշեցնենք, որ վերջինիս պնդմամբ՝ իր երեխան ոչ թե մահացած է ծնվել, այլ՝ փոքրիկին վաճառել են հիվանդանոցում:
«Ես հիասթափված չեմ որոշումից, քանի որ բողոքներն այնքան շատ են, որ Աբրահամյանը մի օր հաստատ կհայտնվի բանտում: Նա այնքան գումար չունի, որ անընդհատ վճարի ու դուրս գա: Աբրահամյանի տեղը բանտում է»,- ասաց նա:
Խաչատրյանը նշեց, որ իր հիմնած «Հայոց մայրեր» հասարակական շարժումը գործում է. «Մենք շարունակում ենք աշխատել, բոլոր բողոքները մշակվում են փաստաբանի կողմից, ուղարկվում իրավապահ մարմիներին: Եթե նույնիսկ մի գործով է գումար վճարում և դուրս գալիս, ապա մյուսների դեպքում այդպես չի լինի: Նրա դեմ բողոքները շատ են, իսկ ունեցած փողերը անսպառ չեն»:
Նա վստահ է, որ Աբրահամյանն անպատիժ չի մնա. «Թող վայելի ազատությունը, քանի կարող է: Եկեք չմոռանանք, որ ունենք 101 դեպք, որոնք կապված են Ռազմիկ Աբրահամյանի և Հանրապետական հիվանդանոցի հետ»:
Լուսինե Մարդոյան