Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը կերկարաձգվի: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնից։
Այստեղից փոխանցեցին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը՝ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ։
Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը: Մեղադրանքն առնչվում է ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարած ենթադրյալ հանցագործություններին:
Խաչատրյանը ձերբակալվել է 2019թ. օգոստոսի 27-ին և կալանավորվել օգոստոսի 30-ին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Նույն դատավորը հոկտեմբերի 24-ին կայացրել է Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը՝ մերժելով նրա պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ Գագիկ Խաչատրյանին 230 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։