Դեկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Լուրը հասարակության մեջ տարակարծությունների պատճառ դարձավ: Մի շարք իրավաբաններ պնդեցին, որ խախտվել է ՍԴ դատավորի անձեռնմխելիությունը հաստատող օրենքը և, որ առանց Սահմանադրական դատարանի համապատասխան ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրել չէր կարելի, սրան ի պատասխան եղավ պաշտոնական հայտարարություն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից:

Նա պնդեց` քանի որ գործը չի վերաբերվում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, այլ վերաբերում է պարոն Թովմասյանի նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին, այդ պատճառով գործընթացն օրինական է և ՍԴ-ի թույլտվությունը քրեական հետապնդում իրականացնելու համար չի պահանջվում: «Այս մասով ՍԴ դատավորն անձեռնմխելիություն չունի»,-նշել էր Բադասյանը:

Թեմայի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, պարզելու` որքանով է մեղադրանքն իրավաչափ և արդյոք օրենքներ չեն խախտվում: «Մեղադրանքի մեջ այնքան շատ անորոշություն կա, ես միայն մեկը նշեմ, որ այն ինչ ձեռք է բերվել, ձեռք է բերվել Հրայր Թովմասյանի կողմից, բայց այլ անունով: Իրավաբանական փորձը ցույց է տալիս, որ դա ապացուցելու համար օգտվելու են տարբեր անձանց ցուցմունքներից, ինչը շատ մեծ ռիսկեր է պարունակում: Մեղադրանքի շարադրանքը ինձ համար ծայրից ծայր կասկածելի է: Ինչ վերաբերում է օրենքին, ես համոզված եմ, որ հայերենով գրված յուրաքանչյուր նախադասություն բոլորս պետք է հասկանանք միակերպ: Եթե օրենքում նշված է, որ ՍԴ դատավորն ու նախագահը չեն կարող ձերբակալվել առանց ՍԴ թույլտվության, ուրեմն չեն կարող, և այլ տարբերակ լինել չի կարող»,-ասաց Ալավերդյանը:

Խնդրեցինք անդրադառնալ Ռուստամ Բադասյանի մեկնաբանությանը, Ալավերդյանն ի պատասխան ասաց, որ Բադասյանը հոդվածը մեկնաբանում է սխալ ձևով: «Հոդվածում չկա գրված, թե անձեռնմխելիությունը կոնկրետ ինչ ժամանակահատվածի է վերաբերում: Բադասյանն էլ լավ գիտի, որ անկախ նրանից, թե ինչ մեղադրանք է առաջադրվել, մեկ է, օրենքը պայմաններ չի դնում, անձեռնմխելիությունը պետք է պահպանվի: Անձեռնմխելիությունը բացարձակ նորմ է, օրենքը դրա վառ ապացույցն է, որը շատ պարզ է գրված, և երկակի մեկնաբանության տեղիք չի տալիս»:

 

Ալավերդյանն անդրադառնալով ՍԴ-ի հանդեպ սկսված գործողություններին, ասաց, որ իշխանությունը նպատակ ունի և հասնելու է իր նպատակին ամեն գնով: «Իրենք ասում էին, որ ցանկացած գնով ելք կգտնեն իրենց նպատակին հասնելու համար, հիմա էլ այդ ճանապարհին են: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Թովմասյանին շուտով կձերբակալեն: Իշխանությունն ուզում է այլ Սահմանադրական դատարան ունենալ, իրեն հաճո և ենթարկվող»:

Մեր այն հարցին, թե արդյոք ներկայիս ՍԴ-ն նախկին իշխանություններին չի ենթարկվել, Ալավերդյանն ասաց. «Ինչ-որ որոշումների դեպքում գուցե, բայց լիարժեքորեն՝ ոչ, կարող ենք հիշել դեպքեր, երբ ՍԴ-ն գործել է լրիվ անկախ և դատարանի կողմից կայացված որոշումը չի համընկել իշխանությունների կարծիքին»: Եզրափակելով զրույցը՝ Ալավերդյանը կարծիք հայտնեց, թե Հրայր Թովմասյանի ձերբակալությունը ժողովրդի մեծ մասի համար սպասելի է և իշխանությունը սրանով փորձում է նաև հօգուտ իրեն տրամադրել հասարակական տրամադրությունը: «Մանիպուլատիվ տեխնոլոգիա է, հաստատ կազդի մարդկանց վրա: Նախկինների հետ կապված յուրաքանչյուր անձի ձերբակալությունը ժողովրդի համար կարևոր է դարձել»: