2020-ի սկզբին հետզհետե պարզ է դառնում, թե ՀՀ գերատեսչությունները որքան գումար են նախորդ տարի ծախսել պարգևատրումների վրա: Թվում էր, թե 2018-ից սկանդալները դաս կլինեն հայրենի պաշտոնյաներին և վերջիններս 2019-ին ավելի զուսպ կգտնվեն և կմեղմեն իրենց ախորժակները: Սակայն, արի ու տես, որ սպասվածին հակառակ՝ ախորժակները դեռ մի բան էլ մեծացել են:
 
Օրինակ, ըստ որոշ աղբյուրների՝ 2019-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարգևատրվել է 10 անգամ 15 միլիոնի չափով: Եվ սա միայն նախարարի պարգևատրությունն է: Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը դարձյալ նշված ժամանակահատվածների ընթացքում ստացել է 9.371.014 դրամ: Նախարարի մեկ այլ տեղակալ` Անահիտ Ավանեսյանը, ստացել է 9.672.612 դրամ: Բոլորովին վերջերս փոխնախարար նշանակված Արտյոմ Սմբատյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնը, որպես պարգևավճար 2019 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներին ստացել է 7.300.757 դրամ, իսկ փոխնախարար Լևոն Հակոբյանը` 7.132.109 դրամ: Ընդ որում, Արսեն Թորոսյանը այն նույն նախարարն է, ով բառի բուն իմաստով ընկել է ծննդատների հետևից, գումար խնայելու յուրահատուկ տենդում՝ մեկը մյուսի հետևից փակելով վերջինները:
 
Կրճատումների դարդով տառապող մյուս նախարարն էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն է, ով վերջերս սկանդալային որոշում էր կայացրել փակել հանրապետության մի շարք մանկատներ:Դժվար է ասել, թե քանի միլիոնի պարգևատրում է կատարվել այս գերատեսչությունում, սակայն, դժվար թե գործընկերներից հետ մնացած լինեն: Ստացվում է՝ մեր նախարարներն ամեն պատեհ և անպատեհ առիթով խոսում են խնայողությունից, խոսում են այն մասին, որ գումարը չի հերքում այս կամ այն ծրագրի իրականացման համար, սակայն պարգևատրումների վրա դա որևէ կերպ չի անդրադառնում: Իսկ մտածե՞լ են արդյոք վերջիններս, որ մանկատուն և ծննդատուն փակելու փոխարեն, կարելի էր հայթայթել անհրաժեշտ գումարը և խնայողություն չանել ապագա սերունդների հաշվին, հատկապես, երբ գիտեին՝ որտեղ ու որքան կարելի է խնայել…