Ինչպես ավելի վաղ ԼՈւՐԵՐ.com-ը հայտնել էր, ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ  Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Forumopera.com-ի փոխանցմամբ՝ երկու արտիստները պետք է միասին ելույթ ունենային փետրվարի 7-ին՝ Dresden opera ball-ում:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել նաև աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

«Ու՞ր ենք հասել... ազգությամբ ադրբեջանցի, սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ երգիչ Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»,-նշել էր Հասմիկ Պապյանը:

Յուսիֆ Էյվազովն Ինստագրամի իր էջում հրապարակել է SemperOperaball-ի հայտարարությունը, որը ժխտում է ադրբեջանցի օպերային երգչի մասին տարածված լուրերը՝ որակելով այն որպես զրպարտություն:

 

«SemperOperaball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոահիմ Ֆրեյը դատապարտում է Յուսիֆ Էյվազովի հասցեին հնչած մեղադրանքները, թե նա հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ՝ քաղաքական նկատառումներից ելնելով»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ SemperOperaball-ի գրավչությունը կայանում է նրանում, որ երկար տարիներ շարունակ ծրագրերին մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ այդ թվում նաև Հայաստանից:

Ինքը՝  Էյվազովը, հավելել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր քաղաքական հայացքները երբեք չեն ազդում իր մասնագիտության և բեմի գործընկերների հետ հարաբերությունների վրա:

 
 

«Սրա մասին են վկայում այն, որ ես ոչ մեկ անգամ եմ բեմ բարձրացել Մարիա Գուլեգինայի և Գևորգ Հակոբյանի հետ Մեծ թատրոնում: Ուստի վստահեք միայն ստուգված լուրերին և պրովոկացիոն տեղեկություններ մի տարածեք: Մի՛ տրվեք պրովոկացիաներին»,- գրել է Էյվազովը: