«Վանեցյանը, եթե ասելիք ունի, թող նորմալ ասի, ոչ թե անընդհատ ասի ասելիք կա, վտանգ կա, սպառնալիք կա ու չբարձրաձայնի»,-ասում է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը' անդրադառնալով Ազգային անվտանգության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի Թվիթերյան գրառմանը, որում նա մանրամասնում է, թե որն էր իր նշած' երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներից մեկը:
«Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին», - գրել է Արթուր Վանեցյանը։
Վլադիմիր Վարդանյանը, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի, թե ինչ է ակնարկում ԱԱԾ նախկին տնօրենը, բայց և Վանեցյանին խորհուրդ տվեց առաջնորդվել ՀՀ Սահմանադրութամբ և օրենքով նախատեսված ընթացակարգերով:
Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբերին իր հրաժարականից հետո Արթուր Վանեցյանը հայտարարությամբ էր հանդես եկել, նշելով, որ պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի' որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։
«Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», - ընդգծել էր նա: