Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ արտահերթ նիստ է նշանակվել՝ դատախազության նախաձեռնությամբ։ Պատճառը՝ Գրիգորյանի առողջական վիճակն է. քննվելու է նրա խափանման միջոցի հարցը։

Նիստին դատավորը ներկայացրեց «Նաիրի» ԲԿ֊ի դիմումը՝ ուղղված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որտեղ ներկայացված էր Գրիգորյանի առողջական վիճակը՝ խնդրելով ձեռք առնել համապատասխան միջոցներ։

Բժշկական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունը դատարանում նշեց, որ Գրիգորյանի մոտ սրտի ռիթմի հետ կապված բարդություններ են առաջացել. «Մանվելի Գրիգորյանի հիվանդությունները հսկվել են, կատարվել են փորձաքննության ընթացքում նոր  հետազոտություններ։ Ներկայումս ի հայտ է եկել վիճակի բարդացում, որը կարող է հանգեցնել  անկանխատեսելի հետեւանքների։ Սա կյանքին սպառնացող վտանգ է»։

Դատախազը միջնորդություն ներկայացրեց խափանման միջոցը վերանայելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը։

 

 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։