Ավստրալիային 100 տարի կպահանջվի համատարած բնական հրդեհներից հետո վերականգնվելու համար, որոնք շարունակվում են անցյալ տարվա աշնանից: Այդ մասին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:
Հրշեջ ծառայության տվյալներով, հենց այդքան ժամանակ կպահանջվի, որպեսզի Ավստրալիան վերադառնա այն վիճակին, որում երկիրը եղել է հրդեհներից առաջ: Ինչպես հաղորդում է NASA-ն, հրդեհներից ծխի շլեյֆը «առնվազն մեկ լրիվ պտույտ կկատարի երկրագնդի շուրջը, ինչը կազդի ամբողջ աշխարհի մթնոլորտային պայմանների վրա»: Բացի այդ, Նոր Զելանդիայի երկինքը «կտրուկ փոխել է գույնը»՝ առաջացնելով «օդի որակի հետ կապված լուրջ խնդիրներ»:
Բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ Ամանորի ժամանակ Ավստրալիայի հրդեհներից ծխի հետքերը նկատվել են Հարավային Ամերիկայում, իսկ մինչեւ այս տարվա հունվարի 8-ը ծխի շլեյֆը «կիսով չափ շրջանցել է երկրագունդը»: Սպասվում է, որ ավելի ցուրտ եղանակային պայմանները եւ կանխատեսվող անձրեւները կօգնեն պայքարել հրդեհների դեմ:
Ներկայում Ավստրալիայի արեւելքում դեռեւս ակտիվ են հրդեհների 100-ից ավելի օջախներ: Նշվում է, որ անտառային հրդեհները ոչնչացրել են կոալաների պոպուլյացիայի մեկ երրորդը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: