Մենք այսօր լուրջ աշխատանք ունենք տանելու՝ հակազդելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, որի տակ դրված նավթադոլարները շատ դեպքերում արդյունավետ աշխատում են: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ադրբեջանի իշխանությունների կողմից ցեղասպան գործողությունների հետեւողական ժխտումը, դրանք իրականացնողների հերոսացումը դարձել է Բաքվի քսենոֆոբիայի եւ հայատյացության քարոզչության բաղկացուցիչ մասը: Ադրբեջանում հայերի նկատմամբ հայաֆոբիան, ռասիզմն ու անհանդուրժողականությունը հասել են այնպիսի ծավալների, ինչն այլեւս դարձել է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության դեմ ուղղված հիմնական սպառնալիքներից մեկը»,-ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը որեւէ ռեսուրս չի խնայում Արցախի խնդիրը ընդամենը տարածքային վեճ ներկայացնելու համար, ինչի արդյունքում միջազգային կառույցները շատ դեպքերում չեն փորձում խնդրին նայել մարդու իրավունքի պրիզմայով. «Կարծում եմ՝ մեր երկու խորհրդարանները միջազգային կառույցների հետ աշխատելու որոշակի նոր մոտեցումներ պետք է մշակեն, որտեղ առանցքը կլինի մարդու՝ տվյալ դեպքում արցախցու արժանավայել ու անվտանգ ապրելու իրավունքը»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հավելեց, որ եթե Բաքվի մանկապարտեզի 3-ամյա երեխաները որպես թշնամի նշում են հայի անունը, եթե 13-ամյա ադրբեջանուհին հայտարարում է, որ ինքն ուզում է դիպուկահար դառնալ՝ հայերին սպանելու համար, սա արդեն մի ողջ երկրի ատելությամբ եւ հայատյացությամբ ախտահարված լինելու դիագնոզ է, որը ահազանգ պիտի լինի միջազգային ողջ հանրության համար: