Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում է հայտնվել տեսանյութ, որում Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երևանյան փաբերից մեկում է:

 BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, ով Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր տեսանյութը, հերքում է տարածել.

«Հրապարակային հերքում

Այսօր իմ աղբյուրը ինձ տեսանյութ էր ուղարկել այն մասին, թե ինչպես են Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը շփվում ինչ-որ քաղաքացու հետ՝ ակումբում։

Աղբյուրս պնդում ու վստահեցնում էր, որ տեսանյութն արված է անցած կիրակի օրը՝ հունվարի 19ին, ընդ որում՝ հենց այն ժամերին, երբ տեղ էր գտնում Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը։ Վստահելով աղբյուրիս՝ ես այս լուրը հրապարակել էի իմ անձնական էջում, որտեղից էլ այն տարել էին տարբեր կայքեր։ Սակայն, հետագայում ինձ ներկայացվեցին անհերքելի փաստեր, որ տվյալ տեսանյութն արվել է հունվարի 11ին, որոնք ստուգելուց հետո, ակնհայտ դարձավ, որ ես ակամա ապատեղեկատվություն եմ տարածել՝ վստահելով աղբյուրիս։

 

Քանի որ, անկախ ամեն ինչից, ես անթույլատրելի եմ համարում ստի ու ապատեղեկատվության կիրառությունը, նույնիսկ՝ Նիկոլ Փաշինյանի ու իրա իշխանության դեմ պայքարի համատեքստում և պնդում եմ, որ ապատեղեկատվություն տարածելը ու դրա համար պատասխանատվություն չստանձնելը հենց Նիկոլի ձեռագիրն է, այլ ոչ իմը, ես ուզում եմ հրապարակայնորեն հերքել, որ տվյալ տեսանյութը նկարահանվել է հունվարի 19ին։ Ուզում եմ նաև ներողություն խնդրել բոլոր ընթերցողներից ու շահագրգիռ կողմերից, անգամ՝ Փաշինյանների ընտանիքից այս ցավալի թյուրիմացության համար։

Հրապարակումը կհեռացվի իմ էջից, ինչպես նաև BlogNews.am կայքից։ Որպես հեղինակ, խնդրում եմ նաև հեռացնել այդ նյութը բոլոր այն ռեսուրսներից, որոնք այն վերահրապարակել են»։