Ուզբեկստանում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Երեւան) տեղի հայ համայնքի միջոցով պարզել է, որ սպանված Նարիման Գրիգորյանը «Գրիգորյան» ազգանունը վերցրել է ի պատիվ հայտնի բռնցքամարտիկի: Նրա իրական անունն էր Ալիմժանով Նարիման Ֆեւզիի:

Աղբյուրը հայտնում է, որ Ալիմժանովը ծնվել է Տաշքենդի մարզի Չիրչիկ քաղաքում: Հայրական կողմից ազգությամբ Ղրիմի թաթար էր, իսկ մայրական կողմից՝ ռուս: «Գրիգորյան» ազգանունը նա վերցրել էր ուզբեկահայ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանի պատվին, ով Ուզբեկստանում բացառիկ հեղինակություն է վայելում: Ներկայումս ուզբեկական համացանցային տիրույթում ակտիվորեն հերքվում է սպանվածի հայ լինելու փաստը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոդելյոր եւ խորեոգրաֆ Նարիման Ալիմժանովի (Գրիգորյանի, 1985 թվականի ծնված) դին հայտնաբերվել էր հունվարի 14-ին իր բնակարանում, Տաշքենդի Յաշնաբադի շրջանում: Քննչական գործողությունների ընթացքում պարզվել է սպանության մեջ կասկածվողի անձը՝ Ա. Ա. (1996 թվականի ծնված): Նրա խոստովանական ցուցմունքների համաձայն՝ հունվարի 13-ին 9:00-ի սահմաններում տանից դուրս է եկել՝ նպատակ ունենալով տիրանալ Նարիման Ալիմժանովի դրամական միջոցներին։ Նա զանգել եւ տեղեկացրել է դիզայներին, որ մտադիր է այցելել նրան։ Նրա մոտ դանակ եւ մեկ լիտրանոց շշով բենզին է եղել։  Ա․ Ա․-ն կանխամտածված սպանել է դիզայներին եւ նրա տնից տարել 625 դոլար, երկու iPhone սմարթֆոն, IQOS էլեկտրոնային ծխախոտ, AirPods ականջակալներ, զոհին պատկանող Captiva ավտոմեքենայի բանալի ու երկու դանակ, որոնցով մարմնական վնասվածքներ են հասցվել դիզայներին։ Հանցագործության հետքերը թաքցնելու համար նա բենզին է լցրել եւ հրդեհել բնակարանն ու Նարիման Ալիմժանովի մարմինը, որից հետո դուռը փականով փակել է։