2019-ի դեկտեմբերին լրացավ 7-րդ գումարման ԱԺ-ի գործունեության մեկ տարին և այս ժամանակահատվածը բավական է՝ նոր ԱԺ-ի արդյունավետության վերաբերյալ որոշակի միջանկյալ վերլուծություններ անելու համար: 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է 3 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, որը խորհրդարանում ունի 88 պատգամավոր, ԲՀԿ խմբակցությունը ստացել է 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ: Փորձենք վերլուծել՝ ինչպիսի արդյունավետությամբ են այս երեք ուժերը օգտագործում իրենց ներկայացվածությունը 7-րդ գումարման խորհրդարանում և արդյոք ընդդիմությունը կարողանում է գործուն ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա:

Լինելով ընդդիմադիր պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս էր բարձրաձայնում ՀՀԿ խմբակցության՝ իր խոսքով «անթույլատրելի և պառլամենտարիզմին ոչ հարիր» վարքագիծը, հանրապետականներին անվանելով՝ «Սերժ Սարգսյանի ուղարկած օրինագծերը դակողներ»: Արդարության համար նշենք, որ Փաշինյանը իրավացի էր, նախորդ գումարման ԱԺ-ում ընդունված օրենքների նախագծերի 65 տոկոսը խորհրդարան էր ուղարկվել կառավարությունից, իսկ ընդունվել էր, արդյունքում, դրանց 90 տոկոսը: Ի՞նչ պատկեր է այս առումով 7-րդ գումարման ԱԺ-ում, կարողացե՞լ է Նիկոլ Փաշինյանը կառուցել այնպիսի ֆրակցիա, որը, սոսկ, օրենք դակող չէ: 7-րդ գումարման երեք նստաշրջանների ընթացքում ընդունված 143 օրենքների 91%-ը (131) հեղինակել է կառավարությունը և միայն 9%-ի (12) հեղինակն է եղել խորհրդարանը: Այս առումով օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև հարաբերակցությունը նախորդ գումարման խորհրդարանների համեմատությամբ չի փոխվել: Պատկերն այլ է ամբողջությամբ չընդունված օրինագծերի դեպքում. նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունված 29 օրինագծերից 28-ի հեղինակը պատգամավորներն են: Դրանք հաշվարկելու դեպքում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն տոկոսային հարաբերակցությունը 30/70 է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծերից 6-ն ընդունվել է ամբողջությամբ, 14-ը՝ առաջին ընթերցմամբ, 25 օրենքի նախագիծ շրջանառության մեջ է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծերից 2-ն ընդունվել է ամբողջությամբ, 5-ը՝ առաջին ընթերցմամբ, 17 օրենքի նախագիծ շրջանառության մեջ է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծերից 4-ն ընդունվել է ամբողջությամբ, 8-ը՝ առաջին ընթերցմամբ, 17 օրենքի նախագիծ շրջանառության մեջ է: Ինչ վերաբերվում է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գործունեությանը, ապա նշենք, որ վերջինս նշված ժամանակահատվածում հանդես է եկել 35 օրենսդրական նախաձեռնությամբ:

Համեմատության համար նշենք, թե ինչպիսին էր պատկերը նախորդ գումարման ԱԺ-ում, որտեղ ՀՀԿ-ն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն էր և ուներ 58 պատգամավոր: «Ծառուկյան» խմբակցությունը կազմված էր 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7 պատգամավորից: 6-րդ գումարման ԱԺ-ի երեք նստաշրջանների ընթացքում ընդունված օրենքներից 295-ը հեղինակել էր կառավարությունը, 40-ը պատգամավորները: Այս առումով՝ կա նմանություն 7-րդ գումարման ԱԺ-ի հետ: 6-րդ գումարման ԱԺ-ի երեք նստաշրջանների ընթացքում ՀՀԿ-ն հեղինակել էր 26 օրենսդրական նախաձեռնություն: Ընդունվել էր դրանցից 9-ը: «Ծառուկյան» խմբակցությունը հեղինակել էր 15 օրենսդրական նախաձեռնություն: Դրանցից ընդունվել էր 4-ը, մյուս նախագծերի ընդգրկումը օրակարգ քվեարկությամբ մերժվել էր: «Ելք» խմբակցությունը հեղինակել էր 15 օրինագիծ: Ընդունվել է դրանցից 5-ը, 10-ը օրակարգ չէր ընդգրկվել: ՀՅԴ-ն որևէ նախագիծ նշված ժամանակահատվածում չէր հեղինակել:

Պատկերը գրեթե նույնն էր նաև 5-րդ գումարման ԱԺ-ում: Ընդունված օրենքների 92%-ը հեղինակել է կառավարությունը, 8 %-ը՝ ԱԺ-ն: Շեղում արձանագրվել է 3-րդ և 4-րդ նստաշրջաններում, երբ խորհրդարանի օրինաստեղծ նախաձեռնողականությունը հասել է 16 %-իԼ ՀՀԿ-ն այս նույն ժամանակահատվածում հեղինակել էր 17 օրենսդրական նախաձեռնություն: Ամբողջությամբ ընդունվել էր դրանցից 7-ը: ԲՀԿ-ն հեղինակել է 15 օրենսդրական նախաձեռնություն: Ամբողջությամբ ընդունվել է 3-ը, որոնցից 2-ը ԲՀԿ-ն հեղինակել է ՀՀԿ-ի, իսկ 1-ը' բոլոր խմբակցությունների հետ: ՀԱԿ-ը հեղինակել էր 7 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից և ոչ մեկը չի ընդունվել: Նստաշրջանի ընթացքում ընդունված օրենքներից միայն մեկի' «ԱԺ կանոնակարգ» և «Դատախազության մասին» օրենքներից կազմված փաթեթի տակ կար ՀԱԿ պատգամավորի անուն. այս փաթեթը հեղինակել են ԱԺ բոլոր խմբակցությունները: «Ժառանգություն» խմբակցությունը հեղինակել է 8 օրենսդրական նախաձեռնություն: Ընդունվել էր միայն 1-ը' բոլոր խմբակցությունների համահեղինակությամբ: Երեք նստաշրջանների ընթացքում արտահերթ ընթացակարգով քննարկվել և մերժվել էր ՀՅԴ-ի հեղինակած 12 նախաձեռնություն: ՕԵԿ-ը հեղինակել էր 10 օրենսդրական նախաձեռնություն: 2-ը' ներկայացված այլ խմբակցությունների համահեղինակությամբ, ընդունվել էին:

Այս ամենից կարելի է հետևություն անել, որ խորհրդարանական ընդդիմությունը, որի վերահսկողական լծակները 7-րդ գումարման ԱԺ-ում չեն ավելացել, անգամ առկա գործիքակազմով չի կարողանում ազդել քաղաքական գործընթացների վրա և այս առումով իշխանական մեծամասնության խնդիրը հեշտանում է, իսկ ինչ վերաբերվում է իշխող մեծամասնության՝ ընդդիմության հանդեպ լոյալության ինդեքսին, ապա այն ինչպես տեսնում ենք էական փոփոխությունների չի ենթարկվել: Ինչ վերաբերվում է ԱԺ արդյունավետությանը ընդանուր առմամբ, ապա պետք է փաստենք, որ 7-րդ գումարման ԱԺ-ի երեք նստաշրջանների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ նոր ԱԺ-ն վիճակագրության և այդ վիճակագրության հիմքում ընկած բովանդակության և որակի առումով թեև չի զիջում նախորդ գումարման խորհրդարաններին, սակայն որևէ առումով նաև չի գերազանցում և չի արդարացնում Նոր Հայաստանի հեղափոխական խորհրդարանից ունեցած հանրության սպասումները և ակնկալիքները…