«Պարտադիր սպանդանոցային մորթին անցնելը մեր երկրում փորձում էին իրականացնել դեռ 2017 թվականից»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այդ ծրագրի հետաձգման հիմնական պատճառներից մեկը սպանդանոցների պակասն է եղել. «Ներկայումս ՀՀ տարածքում մոտ 30 սպանդանոց կա»։ Խոշոր եղջերավոր անասնապահ Վարուժան Հարությունյանը նշեց, որ այս տարբերակով շուկայից կբացառվի էշի, ձիու միս վաճառքը։

«Թեպետ մենք հիմա էլ ունենք սպանդանոցների խնդիր։ Օրինակ մեր մարզում՝ Վայոց Ձորում, ունենք մեկ սպանդանոց, որը շատ քիչ է»։ Ասոցիացիայի նախագահը ենթադրում է, որ ամենայն հավանականությամբ մսի գինը չի թանկանա, եթե, իհարկե, լուծվեն լոգիստիկ խնդիրները։ Այդ խնդիրների չլուծման դեպքում՝ թանկացումները անխուսափելի կլինեն։ Նրանք նաև նշեցին, որ այսուհետ սպանդանոցի մեքենան պետք է գա և տանի անասունը, որը ենթակա է մորթի։ Ֆերմերը պատմեց, որ հիմա 5000-10000 հազար դրամ է անասունի մորթը. «Գյուղացին 30 կիլոմետրի համար վճարում է 3000 դրամ։ Մեր հաշվարկները ցույց տվեցին, որ այս տարբերակով գյուղացին օգուտ չի ունենա։ Մենք առաջարկում ենք, որ պետությունը սուբսիդավորի ծախսերի մի մասը»։

Ասոցիացիայի նախագահի խոսքով՝ սպանդանոցները պետք է հագեցված լինեն այնպես, որ ամբողջ աշխատանքը կարողանան իրականացնել՝ ներառյալ տեղափոխում, մսի մշակում։

Լուսինե Մարդոյան