ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանին խնդրեց այլևս «զենք» չբերել խորհրդարանի նիստերի դահլիճ՝ նկատի ունենալով Գորգիսյանի ձեռքի բումերանգը: Գորգիսյանը բումերանգը գրպանից հանեց ամբիոնի մոտ ելույթ ունենալու ընթացքում՝ դիմելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

«Պարոն նախարար, եթե մենք խոսում ենք անցյալում մնալու մասին, ինձ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ դուք չեք գիտակցել, որ արդեն մեկ տարուց ավելի իշխանություն եք, և չկան այլ իշխանություններ, որոնց դեմ պետք է պայքարել: Դուք պետք է նոր համակարգեր ներդնեք, եթե կան խնդիրներ, հին գործիքներով արդյունքի չեն կարող հասնել: Մեզ մեղադրում եք, որ մնացել ենք հին հռետորաբանության մեջ: Սա կոչվում է բումերանգ, եթե սա շպրտում ես, հետո հետ է գալիս»,- ասաց Գորգիսյանը:

Միրզոյանն ընդհատեց պատգամավորին՝ հարցնելով, թե արդոք նա զենք է բերել նիստերի դահլիճ, ինչին ի պատասխան Գորգիսյանը հայտնեց, որ իր ձեռքինը հուշանվեր է:

Ելույթի ավարտին Արարատ Միրզոյանը պատգամավոր Գևորգ Գորգիսյանին խնդրեց այլևս «զենք» չբերել խորհրդարանի նիստերի դահլիճ: