Արդեն 5-րդ օրն է, որ Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է հայտարարել: Նրա պահանջները վերաբերում են Քարվաճառում ՀԷԿ-երի կառուցմանն ու շահագործմանը:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց նրա հետ՝ պարզելու, թե պահանջների, ո՞ր մասն է իրականացվել և ինչպե՞ս է նրա առողջական վիճակը:

«Երեկ հանդիպեցի Արցախի պետնախարար Գրիգոր Մարտիրոսյանի հետ: Զրույցը փոխադարձ հարգանքի և կառուցողական մթնոլորտում էր: Ցավոք, պարոն Մարտիրոսյանը, պարկեշտ պետական պաշտոնյա լինելով հանդերձ, Արցախի քաղաքական ղեկավարը չէ, ուստի դրական տեղաշարժ չգրանցվեց»,- ասաց նա:

Քանանյանի խոսքով՝ Արցախի քրեական օլիգարխիան պետք է գիտակցի իր ուղեձը և դադարի փոքր ՀԷԿ-երի կառուցումն ու շահագործումը. «Քարվաճառում գործող ՀԷԿ-երի քանակը վաղուց անցել է թույլատրելի սահմանը: Կարծում եմ՝ ՀԷԿ-երը պետք է բերվեն խստագույն բնապահպանական կարգավորումների և գործեն ըստ այդմ»:

Նա ցավով ընդգծեց, որ իր պահանջների կատարմանն Արցախի քաղաքական ղեկավարությունը դեռ պատրաստ չէ:

Հարցին, թե ովքեր են Արցախում գործող ՀԷԿ-երի սեփականատերերը, Քանանյանը պատասխանեց. «Այդ ՀԷԿ-երը պատկանում են Արցախի տարբեր օլիգարխներին, ինչպես նաև՝ Արցախից դուրս ապրող մարդկանց: Բնականաբար, ՀԷԿ-երի մեծ մասը ձևակերպված է այլ անուններով: Արցախի քրեական օլիգարխիան լրջորեն դիմադրում է ՀԷԿ-երի ֆինանսական բաղադրիչի ստուգմանը և հրապարակմանը: Այնուամենայնիվ, կարող եմ նշել դաշնակցական Դավիթ Լոքյանի անունը»:

Իր առողջական վիճակին վերաբերող հարցին՝ Քանանյանը պատասխանեց. «Ես աննշան թուլություն զգում եմ, բայց դիմացկուն մարդ եմ, կարծում եմ՝ դեռ մի քանի օր ունակ կլինեմ գործընթացին հետևել, նաև՝ բանակցել»: