Երևանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցությունը այսօր' հունվարի 27-ին, հրատապ նիստ է հրավիրել:

Նիստին քննարկվում է «Իմ քայլ»-ը ավագանու խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի «դստեր» լուսանկարը տարածելու միջադեպը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ նիստի այսքան երկար տևողությունը վկայումն է այն բանի, որ ներսում իրենց գործընկերոջ արածը գնահատելու հարցում տարակարծություն կա:

«Հենրիկ Հարթենյանը ներսում ունի աջակիցների խումբ, դա պարզ է դառնում ժամեր տևող այս նիստից: Ենթադրում եմ, որ ներսում թեժ բանավեճեր են ընթանում: Միակ համաչափ քայլը կլինի այն, որ Հարթենյանը ժամ առաջ հրաժարվի ավագանու մանդատից, սակայն արդեն վստահ եմ՝ այլ տեսակետեր կան, գուցե նաև չհեռացնեն:

Մեր այն հարցին, թե որքանով է Հարթենյանը կատարում ավագանու իր լիազորություններն, ըստ ընդդիմադիր խմբակցության, Խաժակյանը պատասխանեց.

«Իմ քայլ»-ի ավագանու անդամների մեծ մասի միակ գործառույթը ֆեյսբուքում քոմենթներ ու ստատուսներ գրելն է: Հարթենյանն էլ, իր ընկերների պես, քոմենթչի ու ստատուսչի է: Ես այդ տղային չեմ տեսել ավագանու՝ իր լիազորությունները կատարելիս, ձայնը երբեք չեմ լսել: Իր գրառումը, երբ տարածվեց, մտովի հիշեցի, որ միասին ենք աշխատում»:

Նշենք, որ Հարթենյանին լավ չեն ճանաչում նաև «Իմ քայլ»-ի ավագանու անդամները, պատճառաբանում են՝ վերջերս է միացել ավագանու կազմին, մեկ այլ ավագանու փոխարեն, դրա պատճառով առիթ ու ժամանակ չի եղել իր հետ շատ շփման:

Այնուամենայնիվ՝ Հենրիկ Հարթենայնը 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլ»-ը կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: